ՔՊ-ի քարոզարշավի եզրափակիչ փուլը՝ Գյումրու Թատերական հրապարակում | Region

ՔՊ-ի քարոզարշավի եզրափակիչ փուլը՝ Գյումրու Թատերական հրապարակում

Մարտ 28,2025 19:00

«Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր եզրափակիչ քարոզարշավն անցկացրեց Գյումրու Թատերական հրապարակում։ Ելույթ ունեցողները խոսեցին այն մասին, որ կրիմինալը չի կարող գլուխ բարձրացնել, իսկ ընտրակաշառք բաժանող ստահակները կարող են գլուխ բարձրացնել։ «Հլը թող փորձեն։ Մենք կանգնած ենք սարի պես, նրանց ուղարկելու ենք իրենց տեղը, որն իրենք լավ գիտեն»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի խոսքով՝ գյումրեցիներն ամենաշատը ուզում են ոչ ցեխոտ փողոցներ․․․ ոչ տուն էին ուզում, ոչ այլ խնդիր, միայն նորոգված փողոցներ։ Նշեց, որ երեխաների խանդավառությունը չի գողանալու, որոնք իրեն ոտանավորներ են նվիրել, և պետք է հանուն երեխաների գնալ ընտրությունների։ Նա նաև ընդգծեց՝ իր երեխան է ասել, որ ինքն առաջադրվի։
ՔՊ-ականները խոսեցին նաև իրենց կատարած գործերից, հայտնեցին՝ փողոցներ են նորոգել, լուսավորել, շներ ստերջացրել։

«Նրանք, ովքեր տարատեսակ փողերի տակ թաքնված ուզում են վերադարձնել իշխանությունը, թույլ չենք տալու։ Անցյալի ուրվականը պիտի մնա իր դամբարանում։ Նրանք ուզում են Գյումրին օգտագործելով գան ռինգ, չպետք է դա թույլ տանք, քանի որ 2018 թ․-ին մենք նրանց նետել ենք քաղաքական աղբանոցը»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Ի դեպ, Գյումրու Թատերական հրապարակում էին մարզի տարբեր համայնքների բնակիչներ՝ Արթիկից, Աշոցքից, Ախուրյանից։

ՔՊ-ականներն ու նրանց համակիրները վերջում երթով շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ։

Նորություններ