«Մի թողեք՝ ձեր մեջ մարի Արցախ վերադառնալու մղումն ու հույսը»․ հանրահավաք Ազատության հրապարակում

«Մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից»։ Երևանի Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի մեկնարկին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հանրահավաքի պատճառն արցախցիների բազմաթիվ սոցիալական ու այլ հարցերն են։ Նրանց խնդիրներն էլ ավելի կսրվեն,երբ հատկացվող 40+10 հազար դրամ ֆինանսական օգնությունը ապրիլի 1–ից կրճատվի։ «Սոցիալական խնդիրները ստիպելու են արտագաղթել, մինչդեռ մենք ուզում ենք Հայաստանում ապրել»,- նշեցին հավաքված արցախցիները։
«Այստեղ հավաքված մարդիկ ամեն օր քնում ու զարթնում են սեփական տուն վերադառնալու հույսով և հավատով։ Սոցիալական բեռի տակ կքած՝ մի թողեք՝ ձեր մեջ մարի Արցախ վերադառնալու մղումն ու հույսը, անիրատեսության դասեր տվողներին հստակ պատասխանեք՝ թույլ չենք տա մեզ ստիպել հրաժարվել ինքներս մեզնից»,–դիմելով հայրենակիցներին՝ ասաց Գեղամ Ստեփանյանը։