«Վրացական համարանիշով ավտոբուսի միջից չգիտեմ ովքեր են իջել՝ ջավախահայերը, թե հնդիկներն ու պարսիկները»․ Կ․ Սիմոնյան

31/02 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համար, քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։
Թեկնածուն վստահություն հայտնեց, որ քարոզարշավի օրերի ավելի երկար լինելու դեպքում իրենք ավելի քան 50 տոկոս ձայն կհավաքեին՝ մասնավորապես նշելով․
«Նման ընտրակարգով դժվար է 50+-ի հասնելը, բայց եթե մենք հասցնեինք յուրաքանչյուր գյումրեցու մեր ծրագրերի մասին բացատրել ու շփվել իրենց հետ, մենք անպայման կհասնեինք, քանի որ գյումրեցին հոգնել է հին ու նոր խաղից, հոգնել է սև ու սպիտակի բաժանումից, և ովքեր հասցրել են ծանոթանալ մեր հետ, ֆիքսել են, որ Գյումրու արժանի միավորը հենց մենք ենք»։
Կարեն Սիմոնյանը գյումրեցիներին կոչ արեց իրենց կողմից չսիրված վարք ու բարքերին վերջ տալու համար ընտրություն կատարելիս գիտակցել իրենց քվեի ողջ լրջությունը․«Ընտրատեղամաս հաճախելուց գյումրեցիները պետք է լավ հասկանան՝ իրենց պետք է քաղաքապետարան, որտեղ մուտք գործելուց իրենք կհասկանան, որ դա նաև իրենցն է, ոչ թե ինչ-որ մեկը մայլի տղերքով նստած փորձում է խելքին փչածը անել»։
Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև երեկ երեկոյան իրենց համակիրների կողմից նկարահանված այն տեսանյութի մասին, որում երևում է, թե ինչպես են Բեռլին հյուրանոցի դիմաց կանգնած վրացական համարանիշերով ավտոբուսից խմբով մարդիկ իջնում։
«Խորհուրդ եմ տալիս գնաք Բեռլին ու հասկանաք։ Չգիտեմ ավտոբուսի միջից ջավախահայերն են իջել, թե հնդիկներն ու պարսիկները, գնացեք այնտեղ լուսաբանեք ու ճշտեք։ Ձեզ տեսնեմ գյումրեցիներ։ Արժանի պատասխանը տվեք, ես ձեզ վստահում եմ»,-հայտարարեց թեկնածուն։