«Մենք բեռ չենք, ներուժ ենք»․ Արցախցիների բողոքի ակցիան

«Ես տանն եմ, բայց առանց տան ու տանիքի», «Արժանապատիվ կեցություն մինչև վերադարձի ապահովումը», «Հանուն միասնական հայրենիքի հզորացման», «Մենք բեռ չենք, ներուժ ենք», «Արցախի հարցը փակված չէ»,«Արցախը վահան էր». այս բովանդակությամբ գրություններ թողեցին արցախցիները ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում։ Ինչպես հայտնում է REGIONS TV-ն, նրանք բողոքի ձայն են բարձրացրել արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը կրճատելու կառավարության որոշման դեմ։
Ակցիան կազմակերպել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը:
«Մինչև արժանապատիվ վերադարձը մենք ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդը բնակվի այստեղ՝ Հայաստանում, դրա համար մենք պետք է ունենանք համարժեք արժանապատիվ պայմաններ, մեզ համար լավագույն տարբերակը կլիներ համայնքային բնակեցումը, բայց կառավարությունն արդեն ընտրել է ապակենտրոն բնակեցվածության սկզբունքը», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Եթե իշխանությունները մեզ չեն վստահում և պնդում են, որ այդ 40+10 հազարով կարելի է տան վարձ տալ և ապրել, թող այդ ժամանակ պայմանագիր կնքեն վարձակալների հետ և ուղղակիորեն վճարեն նրանց մեր բնակության վարձը», – նշեցին ակցիայի մասնակիցները։