«Շտապելու որևէ պատճառ չունենք։ Այն պահին, երբ որ կլինի դրա քաղաքական ճիշտ ժամանակը, Մարտուն Գրիգորյանը կանի հայտարարություն»․ Արսեն Բաբայան | Region

«Շտապելու որևէ պատճառ չունենք։ Այն պահին, երբ որ կլինի դրա քաղաքական ճիշտ ժամանակը, Մարտուն Գրիգորյանը կանի հայտարարություն»․ Արսեն Բաբայան

Ապրիլ 01,2025 16:19

Մարտուն Գրիգորյանի համակիրներից  71 և 75- ամյա կանայք դեռ գտվում են ձերբակալվածների պահման վայրում, կանայք կասկածվում են ընտրակաշառք բաժանելու մեջ։

«Այն պահին, երբ որ կլինի դրա քաղաքական ճիշտ ժամանակը, Մարտուն Գրիգորյանը կանի հայտարարություն»,-այս մասին այսօր REGIONS TV-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե Մարտուն Գրիգորյանը ե՞րբ  հանդես կգա Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ։

«Շտապելու որևէ պատճառ չունենք, քաղաքական որոշումները կայացվում են կշռադատված, ժամանակին, բոլոր հանգամանքները հաշվի առնելով»,- ասաց Բաբայանը։

Երեկվանից քաղաքական ուժերը, հանրությունը սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ արդյոք նա կմիանա Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցած և անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերին, մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորանի որոշումից է կախված՝ Վարդան Ղուկասյանը  կլինի՞ Գյումրու քաղաքապետ, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը ընտրություններին մասնակցել է «Հայրենիք» և «Միացիալ Հայաստան» կուսկացություններից կազմված «Մեր քաղաքը» դաշինքով։ Նա ընտրությունների արդյունքներով  3-րդ ամենաշատ ձայն ստացածն է։ Առաջին տեղում Սարիկ Մինասյանն է, ապա՝ Վարդան Ղուկասյանը։ Շեմը հաղթահարել են նաև «Մայր Հայաստանն» ու «Իմ հզոր համայնքը», որոնք արդեն հայտարարել են, որ քվեարկելու են Վարդան Ղուկասյանի օգտին՝ որպես քաղաքապետ։ Սակայն, որպեսզի ավագանու նիստում Ղուկասյանը ձայների մեծամասնություն ստանա, հարկավոր է նաև Մարտուն Գրիգորյանի ուժի քվեարկությունը։

Նա խոսեց նաև Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների օրը բերման ենթարկված 2 կանանց մասին, ովքեր արդեն ավելի քան 48 ժամ գտնվում են ձերբակալվածների պահման վայրում։ Նրանցից մեկը 75, մյուսը՝ 71 տարեկան են՝ Կիման և Անահիտը։

Կանանցից մեկը Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու 25-րդ համարի թեկնածու Անահիտ Խալաթյանն է, ով Գյումրիում հայտնի է «Չոռնի Անո» մականունոքվ։ Նա «Տրանս ակնթարթ» ՍՊԸ տնօրենն է։ Մյուս կինը դաշինքի ավագանու ցուցակից չէ։

Արսեն Բաբայանի խոսքով՝ նրանց նկատմամբ հետապնդում հարուցելու կամ ազատ արձակելու մասին որոշում դեռևս չկա։

«Կանայք ձերբակալվել են այն հիմքով, թե իբր ընտրակաշառք են բաժանել, սակայն որևէ էդպիսի հանգամանք չի հաստատվում։ Ավելին, տիկին Կիմային, օրինակ, ապօրինի, ժամերով, տեսագրության պայմաններում հարցաքննել են առանց պաշտպանի և միայն այն հանգամանքը, որ իշխանական լրատվամիջոցները այդ հարցաքննությունից կամ տեսագրությունից որևէ կտոր չեն հրապարակել, ինքնին վկայում է այն մասին, որ որևէ հանցավոր դեպք տեղի չի ունեցել, որևէ ընտրակաշառք տալու դեպք գոյություն չունի»,- ավելացրեց Բաբայանը։

Ինքն այցելել է Անահիտ Խալաթյանին, իսկ Ռուբեն Մելիքյանը, ով տիկին Կիմայի պաշտպանն է, այցելել է տիկին Կիմային։ Ընդհանուր առմամաբ, ասում է, կանայք լարված են, հուզված, չեն հասկանում, թե ինչու են իրենց ձերբակալել։

Ըստ Արսեն Բաբայանի, քվեարկության նախորդ օրը բերման էր ենթարկվել Սոֆյա անունով մի կին, նա նույն դաշինքի ավագանու ցուցակի 15-րդ համարը զբաղեցնող Սոֆյա Թորոսյանն է, ով «Հայփոստ» ՓԲԸ փոստատար է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը, մասնավորապես, արգելվել է երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 8-ը դուրս գալ տնից։ Ապրիլի 2-ին, ժամը 15-ին լրանում է նրանց ձերբակալման 3-րդ օրը։ Իրավապահ մարմինները կամ պիտի նրանց բաց թողնեն, կամ հետագա խափանման միջոցի հարցը քննարկեն,- հավաստեց Արսեն Բաբայանը։

 

Կարինե Կազարովա

Նորություններ