Հնդկաստանն ու Պակիստանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել․Թրամփ

Հնդկաստանն ու Պակիստանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Գիշերը շարունակված երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին էլ առողջ բանականության և բարձր ինտելեկտի դրսևորման համար»,-գրել է Թրամփը։
Պակիստանի փոխվարչապետ Իսհակ Դարը BBC-ի հետ զրույցում հաստատել է պայմանավորվածության մասին տեղեկությունը։
Այսօր առավոտյան Պակիստանը հայտարարել էր Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մասին՝ թիրախավորելով մի քանի ռազմական օբյեկտներ, ինչպես նաև խաղաղ բնակավայրեր։
Միջուկային այս երկու պետությունների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են ապրիլի 22-ին, երբ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում հնդիկ զբոսաշրջիկների վրա հրազենային հարձակում տեղի ունեցավ, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել, 25-ը՝ հնդիկ, մեկը՝ Նեպալի քաղաքացի։
Հնդկաստանն այս հարձակումը որակել էր ահաբեկչություն, ու շաբաթվա սկզբին ռազմական գործողություն սկսել Պակիստանի դեմ։