Խաղաղության համաձայնագրի ստորագրման Ադրբեջանի կողմից ցանկացած ձգձգումը հաստատվում է Սյունիքում կրակոցներով․Արմեն Վարդանյան | Region

Խաղաղության համաձայնագրի ստորագրման Ադրբեջանի կողմից ցանկացած ձգձգումը հաստատվում է Սյունիքում կրակոցներով․Արմեն Վարդանյան

Մայիս 11,2025 21:35

Մայիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանն, ասել էր, որ «առաջիկայում գուցե լավ լուր լինի»։

Արդյոք  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, արդյոք այն Բաքվի պահանջների շուրջ է, այս հարցին ի պատասխան Միրզոյանն ասել է․«․․․ Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցություններ, այնպես էլ այժմ պատրաստ ենք: Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից: Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։

Ավելի վաղ ԱԺ նախագահն էր վստահեցրել, որ Երևանի և Բաքվի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ «քննարկումները շարունակվում են»։

Արարատ Միրզոյանի հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ «Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից»։ Ըստ Բայրամովի՝ այդ սպասումները կապված են Հայաստանի Սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»:

Արմեն Վարդանյան

Ադրբեջանի իրական նպատակը երկարատև խաղաղության հասնելը չէ, այլ Հայաստանի վրա ճնշման քաղաքականությունը շարունակելը։ REGIONSTV-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ չնայած ձեռք բերված Խաղաղության պայմանագրեր տեքսի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, Ադրբեջանը հրահրում է լարվածության սրում՝ ստեղծելով վախի և անվստահության մթնոլորտ։

Ադրբեջանի պահանջը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխումը, ինչպես նշեց Վարդանյանը, երկրի ներքին գործերին ուղղակի միջամտություն է։ Նա հիշեցրեց Ադրբեջանի մյուս պահանջները՝  եվրոպացի դիտորդներին սահմանից հետ քաշելը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում․«Պաշտոնյաներն ասում են, որ նրանք, իբր, կհամաձայնվեն դրանից հետո Խաղաղության համաձայնագիր ստորագրել, բայց ես դրան չեմ հավատում։ Վստահ եմ, որ եթե Հայաստանը տեսականորեն կատարի բոլոր պահանջները (չնայած Հայաստանը չի կատարի այդ պահանջները), ապա Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի՝ համաձայնագիրը չստորագրելու համար։ Իրականում Ալիևը մտադիր չէ Խաղաղության համաձայնագիր ստորագրել»։

Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանի իրական նպատակը երկարատև խաղաղության հասնելը չէ, այլ Հայաստանի վրա ճնշման քաղաքականությունը շարունակելը։

«Ադրբեջանի կողմից Խաղաղության համաձայնագրի ստորագրման ցանկացած ձգձգում  հաստատվում է Սյունիքի սահմանին և բնակելի տների տանիքների վրա գնդակոծությամբ։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում տներ են թիրախավորվում։ Այսպիսով, Ադրբեջանը լուծում է երկու խնդիր. նախ՝ Ալիևը ցանկանում է ավելի շատ զիջումներ ստանալ Հայաստանից, չնայած բոլորը գիտեն, որ Արևմուտքը փորձեր է անում ապահովել, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագիր կնքվի։ Մյուս կողմից՝ Ալիևը ցանկանում է վախեցնել Սյունիքի բնակիչներին»,-նշեց քաղաքագետը։

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանի՝ տեղի բնակչությանը վախեցնելու և անորոշության մթնոլորտ ստեղծելու փորձերը նպատակ ունեն թուլացնել հայկական ներկայությունը Սյունիքում և նախադրյալներ ստեղծել հակամարտության հետագա սրման համար․« Չնայած շարունակվող լարվածությանը և սահմանային բախումների հնարավորությանը, ես չեմ բացառում սահմանային բախումները, բայց չեմ կանխատեսում լայնածավալ պատերազմ, քանի որ Ադրբեջանը չունի լեգիտիմություն պատերազմելու Հայաստանի դեմ»։

 

Զաբելա Ավագյան

 

Նորություններ