«Ռոբինզոնն ենք դառել». Բարձրաշենում 2 ընտանիք է մնացել
Փետրվար 13,2024 18:15
Շիրակի մարզում գտնվող Բարձրաշեն գյուղի անվանումը քարտեզների վրա կա, սակայն պաշտոնապես այն գոյություն չունի: Գյուղը լուծարվել է դեռեւս 1981թ.-ին և կցվել է Իսահակյան գյուղին:
Բարձրաշեն հասնելու համար պետք է բարձրադիր ոլորաններ հաղթահարել, ձմռան ամիսներին գյուղը մեկուսանում է արտաքին աշխարհից: Հենց այդպես մեկուսացած էլ այստեղ բնակվում է Արտակ Հովհաննիսյանի ընտանիքը, այն 2 ընտանիքներից մեկը, որոնք չեն լքել իրենց բնօրրանը:
«Գուզես տանդ մեջը մեռի, դուռդ բացող չկա»,-ասում է Արտակը՝ ավելացնելով. «Աշխարհից կտրված ենք, բայց աշխատում ենք օրնիբուն, 30 հատ խոշոր եղջերավոր անասուն ենք պահում, հեկտարներով հացահատիկ ցանում, սակայն իրացման հետ կապված լուրջ խնդիրներ կան»: