Քասախցիները դժգոհ են «Մուլտի տրանսպորտ»-ի աշխատանքից, վստահեցնում են, որ բողոքի ցույցերը շարունակելու են՝ չնայած բերման ենթարկումներին

«Սա մանկապարտեզային մտածելակերպ է: Այն պաշտոնյան, ով նման որոշում է կայացրել, չունի պաշտոնավարելու իրավունք»,-քասախցիները շարունակում են բողոքի ակցիաները
Քասախի բնակիչներն արդեն բացել են Երևան-Աշտարակ մայրուղին, երթևեկությունը վերականգնվել է։ Նրանք թեև այսօր դադարեցրեցին բողոքի գործողությունները, սակայն հայտարարեցին, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը չկատարվի։
Հիշեցնենք, որ քասախցիները բողոքի ցույցեր սկսեցին իրականացնել ապրելի 5-ից, երբ նշված համարի ավտոբուսի երթուղին փոխվեց։ Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչների համար թիվ 25 և 59 ավտոբուսի երթուղին փոխելը մեծ դժվարություններ է առաջացրել, քանի որ այդ ավտոբուսներով նրանք կարողանում էին Երևան հասնել։ Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները պետք է հասնեն միայն համայնքի սկզբնամաս։ Բնակիչների շրջանում այս որոշումը դժգոհություն առաջացրեց։ Նոր երթուղին սպասարկող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը այն սպասարկելու ավելի թանկ ուղեվարձով 250 և 200 դրամ, ընդ որում, ավտոբուսը իրենց համայնքներից հասնելու է մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտի մոտ, իսկ մինչ այս որոշումը այն հասնում էր մինչ Հաղթանակի զբոսայգի։
«Այն բոլոր քայլերը, որոնք անելու եմ, նախապես հայտարարելու եմ: Որևէ ինքնաբուխ գործողություն չի լինելու: Այս պահին մենք փողոցը փակելու նպատակ չունենք: Մենք ունենք շատ նորմալ ծրագիր: Կխնդրենք ու կհորդորենք 59 համարի ավտոբուսին բարձրանալ Քասախ համայնք: Քասախցին սա համարում է պատիժ: Սա մանկապարտեզային մտածելակերպ է, չթողնել, որ ավտոբուսը մի քանի հարյուր մետր ավել բարձրանա, ու կատարվի ուղևորափոխադրում: Այն պաշտոնյան, ով նման որոշում է կայացրել, չունի պաշտոնավարելու իրավունք»,-բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Քասախ համայնքում իրականացվող բողոքի ակցիայի կազմակերպիչ Արթուր Մարդանյանը, ներկայացնելով բնակիչների կողմից իրականացվող հետագա քայլերը:
Մարդանյանի ներկայացմամբ նոր երթուղին սպասարկող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը իրենց բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք մեծամասամբ չեն կատարվել, այս ամենը հանգեցրել է նաև վարորդների և քաղաքացիների միջև հաճախակի դարձած բախումների.
«Կա տեսանյութ, որտեղ «Մուլտի տրանսը» ուշացել է, և ուղևորները շատ են եղել տրանսպորտի մեջ: Բնականաբար բողոքել են, ու հրաժարվել են վճարել: Վարորդն էլ ասել է՝ չեք վճարի, մենք էլ չենք վարի: Այդպես էլ զարգացել է կոնֆլիկտը»:
Նոր տրանսպորտային միջոցից օգտված քաղաքացիները բողոքում են նաև, որ այն չի բավարարում քասախցիների պահանջներին, չնայած գնի բարձրացմանը.«Տեղ չկա, որ ժողովուրդը նստի: Ժողովրդի կեսից ավելին չեն կարողանում քաղաք գնալ-գալ: Քասախից Երևան վճարում ենք 150 դրամ: Գյուղի մի ծայրից մյուսը ևս 50 կամ 100 դրամի փոխարեն 150 դրամ են պահանջում, ինչի համար էլ վիճաբանություն է եղել»:
Նշենք, որ վաղ առավոտից քասախցիները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին: Բողոքի ցույցի ժամանակ իրավիճակը թեժացավ, ոստիկանները, կարմիր բերետավորների հետ միասին բերման ենթարկեցին 11 անձի, այդ թվում՝ անչափահասների: ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ քաղաքացիները կատարել են վարչական իրավախատումների վերաբերյալ օրենքով չնախատեսված գործողություններ:
«Ու՞ր է մարդու իրավունքների պաշտպանը, ինչո՞ւ չկա։ Թող մի օրենքի կետ ցույց տան, որ սա անօրինական է։ Անօրինականը նա է, որ իմ անչափահաս որդուն՝ 17 տարեկան հավաքեցին, տարան։ Մյուս որդիս էլ 15 տարեկան է, ինքն էլ գնաց ախպոր հետևից, ոտքով։ Հիմա ոնց է գնալու, էստեղ ոչ անցում կա, ոչ՝ գետնանցում։ Մեկն ու մեկը թող անի դա, մենակ ժողովրդին են գալիս տանում, թող ժողովրդի երեխաներին էլ պաշտպանեն, թող իրենց գործը այդ ուղղությամբ էլ անեն։ Ես պահանջում եմ օրենքի մի կետ, որ մենք սխալ ենք։ Տեղյակ էլ չեմ, թե որ բաժին տարան երեխեքին»,-նշեց ցույցի մասնակիցներից մեկը, ում անչափահաս որդին ևս բերման ենթարկվածների թվում էր:
Ոստիկանները քաղաքացիներից պահանջեցին դուրս գալ երթևեկելի հատվածից, խոստանալով, որ բերման ենթարկված անձինք ազատ կարձակվեն:
Այնուհետև նրանք տեղափոխվեցին գյուղի սկզբնամաս, սպասելով ձերբակալված համաքաղաքացիների վերադարձին:
Նիկոլ Մարգարյան