ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար | Region

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

Հունիս 18,2025 15:19

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:

«Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։

Մասնավորապես՝

2025 թվականի հունվարի 22-ի դրությամբ ինդուկցիոն (մեխանիկական, ոչ էլեկտրոնային) եռաֆազ առևտրային բոլոր հաշվիչները պետք է փոխարինված լինեին էլեկտրոնային (ավտոմատ գրանցմամբ) հաշվիչներով, որոնք ապահովում են նաև էլեկտրաէներգիայի ռեակտիվ բաղադրիչի հաշվառումը ( ԷԲՑ կանոնների 241-րդ կետ)։

Հաշվիչները 30 րոպեանոց միջակայքում պետք է գրանցեն լարման մակարդակը և հզորության գործակիցը (cos.), (ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետ):

Էլեկտրաէներգիայի նախորդող ամսվա ծախսը պետք է գրանցվի էլեկտրոնային հաշվիչի լուսատախտակի վրա արտածվող ցուցմունքով ավտոմատացված ռեժիմում (պետք է բացառվի տեսուչի կողմից ամսվա սկզբի և վերջի ցուցմունքների տարբերությամբ ծախսի հաշվարկումը), (ԷՄԱ կանոնների 75-րդ կետ):

Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։

Բացի այդ, Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀԷՑ-ի սեփականատերը Սամվել Կարապետյանն է, ում նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել այն բանից հետո, երբ նա հայտարարություն է արել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու մասին։ Ավելի կոնկրետ, Կարապետեյանն ասել է․«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», Փաշինյանն ասաց՝ դա եկեղեցու մասին չէր, դա Հայաստանի Հանրապետության մասին էր»։

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը համարում է սպառնալիք ՀՀ-ի դեմ։

Կարապետյանի այս հայտարարությունից հետո երեկ Փաշինյանը գրառում է արել․« Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։  Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Փաշինյանը հայտարարել է․«․․․ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ»։

Բացի այս, Սամվել Կարապետյանին այսօր մեղադրանք ներկայացվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։

Կարապետյանի ընտանիքին պատկանող «Պիցա Տաշիր» ՍՊԸ-ի դիմումի համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում կազմակերպությանը պատկանող բոլոր 36 հանրային սննդի կետերում: Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող մասնաճյուղում հայտնաբերվել են խախտումներ արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

Նորություններ