«Եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ին վերընտրվեց, մենք տեսնելու ենք դիկտատուրայի այնպիսի դրսևոորում, որը երբևիցե Հայաստանը չի վերապրել»․Նինա Կարապետյանց

«Իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ բացատրեց, թե ինչ պատկերացում ունի իր թիմը ժողովրդավարության մասին: Երբ երկրի ղեկավարն ասում է՝ «կառավարությունը ես եմ», դա հիշեցնում է դիկտատուրական ռեժիմին բնորոշ պրոցեսներ»,-RegionsTV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին։
Հիշեցնենք, օգոստոսի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանի հարցին՝ արդյոք կառավարությունը չի կատարելու Ստոկհոլմի արբիտրաժի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը, քանի որ կառավարությունը հենց ինքն է ընդունում, որ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման, զայրացած պատասխանել է․« Ով նման դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա։ Ես բացարձակապես նման դիրքորոշում չեմ հայտնել։ Կառավարությունը ես եմ։ Չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Կառավարությունում եթե կան մարդիկ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան։ Եթե ոչ՝ ես ինքս նրանց կհանեմ»։ Ապա Փաշինյանը պնդեց՝ արբիտրաժային դատարանում ՀՀ կառավարությունը հաղթել է։
Հիշեցնենք, որ Միջազհային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը «Ազատությանը» փոխանցել էր՝ «արբիտրաժի որոշումը ենթակա է կատարման»։
Փաշինյանն իր հայտարարության հաջորդ օրը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատեց պաշտոնից։
Նինա Կարապետյանցը, որը երկար տարիներ զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, Փաշինյանի նման վարքագծի վերաբերյալ ասաց․«Արբիտրաժային դատարանի որոշմանը ընթացք տալու մասին հայտարարությունը շատ ողջամիտ էր, բայց արդյունքում ստացվեց, որ այս երկրում արդարադատությունը սկսվում ու ավարտվում է Նիկոլ Փաշինյանով: Ընդհանուր առմամբ սպասելի էր, որ անհամաձայնություն հայտնող պաշտոնյաները հեռացվելու են աշխատանքից»։
Նրա խոսքով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ գործողությունները, առանձին դեպքում նաև անգործությունը, ուղիղ խոսում են այն մասին, որ նա և իր թիմը գնում են դեպի դիկտատուրա, ու նրանք դա ապացուցում են ամենօրյա ռեժիմով:
Նիկոլ Փաշինյանի այսպիսի միանձնյա որոշումների կայացումը տիկին Կարապետյանցը պայմանավորում է նաև հասարակության անգործությամբ ու վարչապետին այսպիսին դարձրել է հենց հասարակությունը.
«Ճիշտ չէ ամբողջ մեղքը բարդել միայն Նիկոլ Փաշինյանի վրա: Այսպիսին նրան օգնել են դառնալ այն մարդիկ, ովքեր պարտավորություն ունեն անաչառ լինել, ճշգրիտ գնահաականներ տալ, ու պետք եղած ժամանակ նաև հրաժարվել պաշտոններից: Բայց այդ մարդիկ հրաժարվեցին այն սկզբունքներից, որոնց մասին երկար տարիներ անձամբ խոսել են: Նրանք զրո արժեհամակարգի կրող են, զրո սկզբունքայնություն ունեն, և ինչ-որ նյութական արժեքների դիմաց պատրաստ են սատարել ներկայիս իշխանությանը»,-ասաց Կարապետյանցը:
Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ է նշանակել Կարեն Անդրեասյանին, որին Փաշինյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից ազատել էր sms-ով։
Կարապետյանցը խիստ զարմացած է, որ Կարեն Անդրեասյանը համաձայնվել է ստանձնել այդ պաշտոնը․«Մարդ, ով չի կարողացել ճիշտ գնահատել արդարադատության համակարգի նման բարձր պաշտոնից իրեն sms-ով հեռացնելու հետևանքները, և հիմա պատրաստ է ընդունել նոր պաշտոններ»:
Նա նաև վստահեցրեց, որ կան մարդիկ, որոնք ստացել են Նիկոլ Փաշինյանի հետ թիմ կազմելու առաջարկ, բայց այնքան ողջամտություն ու սկզբունքայնություն են ունեցել, որ հրաժարվել են, կան մարդիկ, ովքեր սկզբում ընդունել են առաջակը, կարծելով, որ կարող են փոփոխություններ բերել, հետո ինքնակամ հեռացել են․«Որովհետև sms-ով աշխատանքից ազատող, շատ դեպքերում հակասահմանադրական գործողություններ իրականացնող, ու թիմի անդամներից նույնաբովանդակ գործողություններ պահանջող մարդու հետ աշխատելը նշանակում է զրոյականացնել քո ամբողջ կյանքը»:
Կարապետյանցի կարծիքով՝ այս գործընթացը կասեցնելու մի եղանակ կա՝ 2026 թվականի ընտրությունները․«Կամ եթե լինեն արտահերթ ընտրություններ, պետք է չընտրել Նիկոլ Փաշինյանին: Պետք է փորձել ընտրել այն ուժերի միջև, ովքեր կառաջարկեն նոր գաղափարներ, հակառակ պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ին վերընտրվի, մենք տեսնելու ենք դիկտատուրայի այնպիսի դրսևոորում, որը երբևիցե Հայաստանը չի վերապրել»:
Նիկոլ Մարգարյան