Տնտեսական պատերազմում հաղթելու բանաձեւը
ՀՀ կառավարությունն առաջիկայում ներկայացնելու է Թուրքիայից ապրանքների ներմուծման սահմանափակումների վերաբերյալ առաջարկներ:
Հասկանալի է, որ այս գործընթացը պետք է սահուն եւ անցնցում իրականացնել, քանի որ Թուրքիայից ապրանքների ներմուծման լիակատար արգելքը կհանգեցնի մի շարք խնդիրների, հետեւաբար, այս պահին որոշ ապրանքատեսակների պարագայում կարող է խոսք գնալ որոշակի սահմանափակումների մասին միայն, հակառակ պարագայում հարց կառաջանա՝ ինչո՞վ եւ ինչպե՞ս փոխարինել թուրքական ապրանքները, կամ հազարավոր մարդկանց ի՞նչ այլընտրանք կառաջարկեն, ովքեր ներկրում են թուրքական արտադրանք, կազմակերպում դրանց վաճառքը:
Իշխանությունները ժամանակի ընթացքում այս խնդիրը պետք է աստիճանաբար լուծեին, եւ ավելի վաղ պետք է մշակվեր օտարերկրյա բրենդները հայրենական արտադրանքով փոխարինելու, Թուրքիայի արտադրողների հետ մրցակցելու ռազմավարություն, վերացվեին մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող արգելքները եւ այլն:
Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, հայրենական արտադրության զարգացման հեռանկարով մտահոգված գործարարների տեսակետը, ովքեր ունենալով շատ ավելի մեծ հնարավորություններ՝ այսօր ստիպված են աշխատել արտադրական հզորությունների փոքր ծավալներով միայն: