«Խաղա՞ղ Cop»․ Ինչպե՞ս կարող է մարդու իրավունքները խախտող, ավտորիտար Ադրբեջանը լինել դրա հյուրընկալողը»․Գրետա Թունբերգ
Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Բաքվում է COP29-ի անցակցաման մասին հայտարարությունում նշում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն ու ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը
Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ցույց է կազմակերպում Բաքվում COP29-ի անցկացման դեմ։
Բաքվում մեկնարկել է COP29 գագաթնաժողովը, իսկ միջոցառմանը մասնակցելուց հրաժարված շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում պատրաստվում է բողոքի ցույց անել ընդդեմ ադրբեջանական ավտորիտարիզմի:
«Ադրբեջանը, որպես քող օգտագործելով COP29-ը, ուժեղացնում է վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգի շրջանակում, ամրապնդում է իր իշխանությունը և սրում լարվածությունը տարածաշրջանում»,- գրել է Գրետա Թունբերգն Ինստագրամում։
The Guardian-ի «Խաղա՞ղ Cop»․ Ինչպե՞ս կարող է մարդու իրավունքները խախտող, ավտորիտար Ադրբեջանը լինել դրա հյուրընկալողը» վերնագրված նյութում Թունբերգի հայտարարությունն է։ Նա մասնավորապես ասում է․«Արագ սրվող կլիմայական և հումանիտար ճգնաժամերի պայմաններում հերթական ավտորիտար նավթային պետությունը, որը չի հարգում մարդու իրավունքները, ընդունում է COP29-ը՝ ՄԱԿ-ի վերջին տարեկան կլիմայական գագաթնաժողովը, որն այսօր անցկացվում է ԱՄՆ նորից ընտրված՝ կլիմայի փոփոխությունը ժխտող նախագահի օրոք»:
Էկոակտիվիստի ներկայացմամբ՝ ցեղասպանություններ, էկոցիդներ, սովեր, պատերազմներ, գաղութատիրություն, աճող անհավասարություններ և կլիմայական կոլապսի սաստկացումը բոլորը փոխկապակցված ճգնաժամեր են, որոնք խթանում են միմյանց և հանգեցնում անհավանական տառապանքի․«Մինչ հումանիտար ճգնաժամեր են ընթանում Պաղեստինում, Եմենում, Աֆղանստանում, Սուդանում, Կոնգոյում, Քուրդիստանում, Լիբանանում, Բալուճիստանում, Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում/Արցախում և շատ այլ վայրերում, մարդկությունը նույնպես հատում է ջերմոցային գազերի արտանետումների 1.5 աստիճանի սահմանը՝ առանց իրական կրճատումների նշանների»։
Նրա դիտարկմամբ՝ հակառակն է տեղի ունեցել՝ գլոբալ արտանետումներն անցյալ տարի հասել են պատմական գագաթնակետին․«․․․Կենսոլորտի և բնական էկոհամակարգերի ապակայունացումը, որոնց վրա կախված է մեր գոյությունը, հանգեցնում է անսահման մարդկային տառապանքի և արագացնում է բուսական և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացումը»։
Թունբերգը նշել է՝ Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը կառուցված է հանածո վառելքի վրա. պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նավթի և գազի արտահանումները կազմում են երկրի արտահանումների մոտ 90%-ը․« Չնայած հայտարարություններին, Ադրբեջանը որևէ ցանկություն չունի իրականացնել կլիմայական գործողություններ։ Երկիրը պլանավորում է ընդլայնել վառելանյութերի արտադրությունը, ինչը լիովին անհամատեղելի է 1.5°C սահմանաչափի և Փարիզյան համաձայնագրի նպատակների հետ։ Այս տարվա COP-ի շատ մասնակիցներ վախենում են քննադատել Ադրբեջանի կառավարությանը։ Human Rights Watch-ը վերջերս հրապարակել է հայտարարություն, որում նշում է, թե չի կարող վստահ լինել, որ մասնակիցների խաղաղ ցույցերի իրավունքը կերաշխավորվի։ Բացի այդ, Ադրբեջանի ցամաքային և ծովային սահմանները COP 29-ի ընթացքում կմնան փակ, և միայն օդային ճանապարհով հնարավոր կլինի մուտք գործել երկիր կամ լքել այն, ինչը աղտոտում է շրջակա միջավայրը: Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է էթնիկ զտումների, հումանիտար շրջափակումների և ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև` սեփական ժողովրդի նկատմամբ ճնշումների և քաղաքացիական հասարակության դեմ հետապնդումների։ Անկախ Freedom House կազմակերպության գնահատմամբ՝ երկիրը Եվրոպայում ամենաքիչ ժողովրդավարական պետությունն է՝ ակտիվորեն թիրախավորելով լրագրողներին, անկախ լրատվամիջոցներին, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին»։
Թունբերգի ներկայացմամբ՝ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի՝ նավթի ներկրման տարեկան մոտ 40%-ը՝ խթանելով Իսրայելի ռազմական մեքենանան ու մասնակից լինելով Պաղեստինում տեղի ունեցող ցեղասպանությանը, Իսրայելի ռազմական հանցագործություններին Լիբանանում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Իսրայելի կապերը փոխշահավետ են, քանի որ Ադրբեջանի կողմից 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված զենքերի մեծ մասը ներկրվել է Իսրայելից։
«Այս տարվա կլիմայական համաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված թեմաներից մեկը կոչվում է «խաղաղության COP», որը կոչ է անում պետություններին պահպանել «COP հրադադարը»։ Խոսել համաշխարհային խաղաղության մասին սարսափելի է, երբ Ալիևի ռեժիմը խախտում է մարդու իրավունքները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Բացի այդ, Ադրբեջանը ծրագրում է «Կանաչ էներգետիկ գոտի» կառուցել այն տարածքներում, որտեղի բնակչությանը էթնիկ զտումների է ենթարկել, ինչը ևս մեկ «կանաչ լվացքի» (greenwashing)գ քայլ է»։