Նավթագազային գործարքներ՝ կլիմայական պայմանները փրկելու փոխարեն. սկանդալ Ադրբեջանում COP29-ից առաջ ․ BBC
Բաքվում COP29-ին ընդառաջ է Global Witness իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովին ներկայացել է որպես պոտենցյալ ներդրող Հոնկոնգից, Սուլթանովն առաջարկել է համագործակցության հնարավորություն Ադրբեջանի գազի արդյունահանման ոլորտում
Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից (COP29) մի քանի օր առաջ BBC-ի ադրբեջանական ծառայույթյունը տեսագրություն է ստացել, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները:
Լրատվամիջոցը հայտնում է, որ նոյեմբերի 11-22-ին Բաքվում անցակցվելիք COP29-ից առաջ համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ փորձելով ներդրումներ ներգրավել իր հետ կապված SOCAR պետական նավթագազային ընկերության համար։
Գաղտնի ձայնագրված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա քննարկում հավանական գործարքը ներդրող ներկայացող անձի հետ:
«Մենք ունենք գազային բազմաթիվ հանքավայրեր, որոնք պետք է շահագործվեն»,-այդ քննարկման ժամանակ, ինչպես երևում է տեսանյութում, ասում է ադրբեջանցի պաշտոնյան։
«Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի են», դա «դավաճանություն» է COP-ի ամբողջ գործունեությանը․BBC-ին ասել է ՄԱԿ-ի կլիմայի համար պատասխանատու գերատեսչության նախկին ղեկավարը։
Սուլթանովը, որը COP29-ի գործադիր տնօրենն է, նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարն է; ։ Նա SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության խորհրդի անդամ է։
BBC-ն նշում է, որ COP29-ի ադրբեջանական թիմը չի պատասխանում մեկնաբանության վերաբերյալ հարցերին։
Նավթն ու գազը ադրբեջանական տնտեսության կարևոր ուղղություններից են և կազմում են արտահանման ավելի քան 90%-ը։
Այս սկանդակային տեսագրությունն ու փաստաթղթերը BBC-ին տրամադրել է Global Witness իրավապաշտպան կազմակերպությունը, որի ներկայացուցիչներից մեկը դիմել է COP29-ի թիմին՝ ներկայանալով որպես Հոնկոնգից ներդրումային հորինված ընկերության ղեկավար, որը մասնագիտացած է էներգետիկայի ոլորտում: Նա հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է COP29 գագաթնաժողովի հովանավորմամբ, սակայն դրա դիմաց կցանկանար քննարկել SOCAR-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Սուլթանովը առցանց հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում նա հավանական հովանավորին հայտնել է, որ համաժողովի նպատակն է «կլիմայական ճգնաժամի լուծումը» և «ածխաջրածիններից արդար, կարգավորված ու իրավահավասար ձևով անցումը»։
Նա նշել է, որ յուրաքանչյուրը, այդ թվում՝ նավթագազային ընկերությունները, «կարող են գալ լուծումներով», քանի որ «Ադրբեջանի դռները բաց են»: Ընդ որում, նա նշել է, որ ինքը բաց է գործարքների քննարկման համար, նաև՝ նավթի և գազի շուրջ:
Այդ առցանց քննարկման ժամանակ Սուլթանովը հավանական հովանավորին նախ առաջարկել է դիտարկել «մաքուր էներգիայի աղբյուրներին անցնելու որոշ նախագծերում» ներդրումներ անելու հնարավորությունը, որոնց մասնակցում է SOCAR-ը, բայց հետո նշել է Ադրբեջանի՝ գազի արդյունահանման ավելացման ծրագրերի հետ կապված հնարավորությունների մասին, ներառյալ՝ խողովակաշարերի համար նոր ենթակառուցվածքը: Նա խոսել է նաև համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորության մասին։
«SOCAR-ը նավթ ու գազ է վաճառում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիայում»,- տեսանյութում նշում է Սուլթանովը։
Նա բնական գազն անվանել է «անցումային վառելիք» ու նշել. «Մենք որոշակի քանակությամբ նավթ և բնական գազ կարտադրենք, գուցե, միշտ»:
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական խորհուրդը ընդունում է, որ նավթն ու գազը դեր կունենան մինչև 2050 թվականը և դրանից հետո էլ, այնուամենայնիվ, խորհուրդը հստակեցրել է, որ «նավթի և գազի նոր հանքավայրերի զարգացումը անհամատեղելի է գլոբալ տաքացումը մինչև 1,5 °C սահմանափակելու հետ»:
Սուլթանովի վերջին արտահայտությունը հստակ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել կլիմայական վերջին համաժողովի ժամանակ։ Խոսքը հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու մասին է։
Սուլթանովը ներդրող ներկայացողին խոստացել է, որ կօգնի կապ հաստատել իր թիմի և SOCAR-ի թիմերի միջև: Մի քանի շաբաթ անց հոնկոնգյան կեղծ ընկերությունն էլեկտրոնային նամակ է ստացել ադրբեջանական ընկերությունից:
COP-ի շրջանակներում բիզնես գործարքներ կնքելու փորձը համարվում է լուրջ խախտում, քանի որ համաժողովը պետք է ուղղված լինի հանածո վառելիքի օգտագործումը նվազեցնելուն, որը կլիմայի փոփոխության հիմնական գործոնն է, այլ ոչ թե ավելի մեծ քանակությամբ վաճառելուն։ Այս կանոնները սահմանում է ՄԱԿ-ի կլիմայական բանակցությունների համար պատասխանատու մարմինը։
BBC-ին գրում է, որ ՄԱԿ-ում հայտարարել են, որ չեն կարող ուղղակիորեն մեկնաբանել իրավիճակը, սակայն նշել են, որ համաժողովը հյուրընկալող ցանկացած երկիր ենթարկվում է հավասարապես խիստ չափանիշների, այդ չափանիշներն արտացոլում են «ղեկավար բոլոր անձանց կողմից անաչառության կարևորությունը»:
COP-ի պաշտոնյաների վարքագծի կանոնագրքում ասվում է, որ նրանք «պետք է գործեն առանց կողմնակալության, կողմնապահության, ֆավորիտիզմի, քմահաճույքի, անձնական հետաքրքրության, նախասիրությունների կամ զիջումների՝ խստորեն առաջնորդվելով առողջ, անկախ և արդար դատողությամբ»:
Նրանց անձնական հայացքներն ու համոզմունքները չպետք է վարկաբեկեն իրենց դերն ու գործառույթները՝ որպես UNFCCC-ի պաշտոնյաներ:
Քրիստիանա Ֆիգերեսը, ով վերահսկում էր 2015 թվականի Փարիզի համաձայնագիրը՝ գլոբալ տաքացումը 2C-ից ցածր նվազեցնելու համար, BBC-ին ասել է՝ ցնցված է, որ COP-ի ցանկացած պաշտոնյա կարող է օգտագործել իր դիրքը նավթի և գազի գործարքներ ապահովելու համար:
Նրա խոսքով՝ դա դավաճանություն է, և նման պահվածքը հակասում է COP-ի նպատակներին։
BBC-ի լրագրողները ծանոթացել են COP29-ի թիմի և կեղծ ներդրողների միջև նամակագրությանը: Նամակներից մեկում քննարկվում էր 600 հազար դոլարի հովանավորչական գործարքը, որը հենց COP29-ի ժամանակ SOCAR-ին հնարավորություն էր տալու մասնակցել «նավթի և գազի կայուն ներդրումների» թեմայով միջոցառմանը։
Նամակագրության մեջ կային նաև հինգ անցագրեր, որոնք հնարավորություն էին տալիս ամբողջական հասանելիություն ունենալ գագաթնաժողովին և մի պայմանագրի նախագիծ, որն ի սկզբանե ընկերությունից պահանջում էր կայուն զարգացման որոշակի պարտավորություններ: Այնուհետև պայմանագիրը վերանայվել էր, պահանջներից մեկը հանվել, իսկ պահանջներից մեկն էլ փոփոխություններ էր կրել։
BBC-ի հարցերին չեն պատասխանել ո՛չ SOCAR-ը, ո՛չ էլ COP29-ի ադրբեջանական թիմը։
Լրատվամիջոցը հիշեցնում է՝ COP28-ը առաջին գագաթնաժողովն էր, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել հանածո վառելիքի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ: