3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ. մեր կողմից հիանալի թիմ է մասնակցում առաջնությանը. Գիլոյան
Նոյեմբեր 21,2024 10:39
Երևանում մեկնարկել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը. առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Այսօր կայացել են նաև մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու մրցանակակիրների պարգևատրությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը, Գասպար Տերտերյանը և ազատոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը:
60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանն առավելության է հասել Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տերտերյանը 67 կգ քաշայինների եզրափակչում 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իրանցի ըմբիշի նկատմամբ: 65 կգ քաշայինների եզրափակչում Ավետիսյանը գոտեմարտել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հետ և դրամատիկ գոտեմարտում 9:7 հաշվով փայլուն հաղթանակ տարել:
Աղջիկների պայքարում 53 կգ քաշային Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին ու դարձել արծաթե մեդալակիր (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։ Մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել նաև ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը՝ եզրափակչում 4:8 հաշվով զիջելով Հյուսիսային Կորեայի ներկայացուցչին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 8:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին և դարձել բրոնզե մեդալակիր: Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը. բրոնզե մեդալի համար պայքարում նա 9:1 հաշվով առավելության է հասել Հորդանանի ներկայացուցչի նկատմամբ։
Մեկնաբանելով հայ մարզիկների գրանցած արդյունքները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ին մրցունակ թիմ է մասնակցում, որը միայն հաղթանակների է ձգտելու. «Տեսնում եմ նվիրվածություն, պայքարի ունակություն: Մարզիկները շատ լավ տրամադրվածություն ունեն: Թիմը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ամբողջովին պատրաստ է: Առաջին իսկ օրվա արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ մեր կողմից հիանալի թիմ է մասնակցում այս առաջնությանը: Մենք հաղթում ենք և ապացուցում, որ շատ ուժեղ ենք: Առաջնությանը մասնակցում ենք միայն հաղթանակի համար»:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը: Մուտքն ազատ է: