Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։
Մխիթարյանը խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
— Ձեր մանկությունից՝ Ֆրանսիայում հայրիկի հետ, որևէ հիշողություն ունե՞ք, թե՞ շատ փոքր էիք։
— Հիշում եմ, թե ինչպես էինք գնում մարզադաշտ՝ խաղերին և մարզումներին։
— Համլետը մահացավ, երբ դուք 7 տարեկան էիք։ Որքա՞ն դժվար էր դա ձեզ համար։
— Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. կարոտում եմ նրան, կուզենայի նա կողքիս լիներ, որպեսզի հարցնեի շատ բաներ, որոնք կարող էին օգնել ինձ կյանքում: Բարեբախտաբար, մայրս նաև հայրիկի դեր է կատարել, և ես շատ երախտապարտ եմ նրան իմ դաստիարակության համար։
— Ինչպիսի՞ հայր եք ցանկանում լինել Ձեր երեխաների համար։
— Կուզենայի լինել այնպիսի հայր, ինչպիսին իմ հայրն էր 7 տարիների ընթացքում և ինչպիսին կլիներ դրանից հետո։
— Ձեր նախկին մարզիչների մեջ՝ Լուչեսկուից մինչև Կլոպ, Մոուրինյուից մինչև Վենգեր, երբևէ գտե՞լ եք հայրական կերպար:
— Ոչ, բայց կուզենայի վերցնել յուրաքանչյուրի մարդկային և մասնագիտական հատկանիշները՝ կատարյալ մարզիչ ստեղծելու համար։
— Այսինքն՝ կարիերան ավարտելուց հետո մարզի՞չ եք դառնալու, թե՞, ինչպես Հայաստանում են ասում, քաղաքական գործիչ կամ ֆեդերացիայի նախագահ։
— Դեռ չգիտեմ: Գուցե գրքում կասեմ։
— Ինձագին ձեզ համար ավագ եղբոր պե՞ս է։
— Նա լավն է և՛ որպես մարզիչ, և՛ որպես մարդ, և սա չեմ ասում, որովհետև իմ մարզիչն է: Նրա հետ կատակում եմ, բայց գիտեմ սահմանները: Իսկ երիտասարդ տարիքում, ցավոք, մի քիչ այլ կերպ էի մտածում։
— Ի՞նչ իմաստով։
— Կարծում էի, որ մարզիչը չի կարող ընկեր լինել, որ պետք է պատնեշ լիներ: Հիմա, երբ ամեն ինչ հասկանում եմ, ավելի հեշտ է ինձ համար։
— Ո՞վ է օգնել հասկանալ դա։
— Ժամանակը և կյանքը։