Իսրայելն ու «Հեզբոլլա»-ն համաձայնվել են հրադադար հաստատել
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ զինադադարի տևողությունը կախված կլինի Հեզբոլլաի գործողություններից՝ զգուշացնելով, որ ցանկացած խախտում կհանգեցնի իսրայելական բանակի հարվածներին
Իսրայելն ու «Հեզբոլլա»-ն համաձայնվել են հրադադար հաստատել, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին):
The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ զինադադարի տևողությունը կախված կլինի «Հեզբոլլա»-ի» գործողություններից՝ զգուշացնելով, որ ցանկացած խախտում կհանգեցնի իսրայելական բանակի հարվածներին։
Լրատվամիջոցը գրում է, որ կառավարությունից հայտարարել են, որ Լիբանանի հետ համաձայնագիրը կպահպանի Իսրայելի գործողությունների ազատությունը՝ պաշտպանական նպատակներով, կվերացնի «Հեզբոլլա»-ի սպառնալիքը և հնարավորություն կտա հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադառնալ իրենց տները։
Հադադարի հաստատումից հետո այսօր վաղ առավոտյան Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տներ։
«Երկամսյա ինտենսիվ մարտերից հետո այս 60-օրյա զինադադարը ձեռք է բերվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից աճող ճնշման և հունվարին ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալու սպասելիքների ֆոնին»,-գրում է The Jerusalem Post-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ «Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև կործանարար հակամարտությունը դադարեցնելու Միացյալ Նահանգների առաջարկը»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ ասել է՝ այս հրադադարը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ Գազայում հակամարտությունը դադարեցնելու վրա։