«ՔՊ-ն փորձում է ԺՊ-ի ճանապարհով որոշակի լծակների և վարչական ռեսուրսի տիրապետել, հետո նոր գնալ ընտրությունների»․Նարեկ Միրզոյան | Region

«ՔՊ-ն փորձում է ԺՊ-ի ճանապարհով որոշակի լծակների և վարչական ռեսուրսի տիրապետել, հետո նոր գնալ ընտրությունների»․Նարեկ Միրզոյան

Նոյեմբեր 27,2024 15:10

Գյումրու ավագանու խմբակցության անդամները որոշակի կասկածներ ունեն նախնական ընտրությունների և դրանից հետո սպասվող գործընթացների առնչությամբ։

Իշխանությունները Գյումրում մեկ ամսից ավելի տևող կառավարման ճգնաժամի լուծման միջոց են գտել։ Երեկ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում են նախնական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին։

Գյումրու ավագանու խմբակցության անդամները որոշակի կասկածներ ունեն նախնական ընտրությունների և դրանից հետո սպասվող գործընթացների առնչությամբ։

Նախնական ընտրությունների մասին, հիշեցնենք, Փաշինյանն ասել է՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցեն, հետո ոչ բոլոր գյումրեցիների շրջանում քվեարկություն է լինելու։ Հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, Փաշինյանի խոսքով, հնարավոր է լինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։

REGIONSTV-ի հետ զրույցում Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանն անդրադառնալով ՔՊ-ի որոշմանը՝ Գյումրիի քաղաքապետի ԺՊ նշանակելուն, ասում է՝ խնդիրն այն է, որ ՔՊ-ն ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի տիրապետելու  և վարչական ռեսուրսի օգտագործում ունենալու հնարավորություն է ստանալու․ «Նրանք գնացին այս ճանապարհով, հասկանալով, որ Գյումրի համայնքում ուղիղ ընտրությունների գնալու համար համապատասխան քվե չունեն, փորձում են ժամանակավոր պաշտոնակատարի ճանապարհով որոշակի լծակների և վարչական ռեսուրսի տիրապետել, նոր գնալ ընտրությունների»։

Գյումրու ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանն էլ REGIONSTV-ի հետ զրույցում նշում է՝ նախնական ընտրությունները չեն կարող ճգնաժամի հաղթահարման ճանապարհ հանդիսանալ, քանի որ ըստ էության, սա ներքին ընտրություն է, և իրենք որոշելու են իրենց թեկնածուին:

«Ճգնաժամի լուծման լավագույն տարբերակը արտահերթ ընտրությունների  կազմակերպումն է, և ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը»,-ասաց Մալխաղյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունները կոնկրետ իրենց խմբակցությանը ոչինչ չեն տալու, և իրենց հետագա գործողությունների վրա որևէ կերպ չի անդրադառնալու:

«Սա ցուցիչ է մեզ համար, որ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունում չկա միասնականություն, չկա համախմբվածություն, չեն կարող որոշել, թե ով է իրենց կոնկրետ թեկնածուն, և այդ թեկնածուով մտնեն պայքարի մեջ: Ճիշտ է, իրենք կարող են դա ներկայացնել որպես ժողովրդավարության դրսևորում, բայց այս ամբողջ զարգացումները եղել են բոլորի աչքի առաջ, և բոլորը հասկանում են, թե ինչի արդյունքում են նրանք եկել այս որոշմանը»,-ասաց Մալխասյանը:

«Զարթոնք» խմբակցության անդամ Կարեն Սոսյանն էլ իր անձնական կարծիք   հայտնեց՝ հարցն այսքան բարդեցնելու անհրաժեշտություն չկար, «Քաղաքացիական պայմանագիրը» կարող էր իր թեկնածույին առաջարկել, կամ եղած ավագանիներով համաձայնության գալով որոշակի ժամանակով իրականացնեին քաղաքի կառավարումը:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ