Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են, խորհրդարանն առաջին նիստն է անցակցրել․ նախագահի թեկնածուն նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին է | Region

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են, խորհրդարանն առաջին նիստն է անցակցրել․ նախագահի թեկնածուն նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին է

Նոյեմբեր 27,2024 21:35

Վրաստանում շարունակվում է բողոքի ալիքը, ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծվել են, իսկ իշխող «Վրացական երազանքն» արդեն խորհրդարանական առաջին նիստն է անցկացրել, կառավարության կազմն է որոշվել

Վրաստանի քաղաքացիները ընդդիմադիր պատգամավորների հետ նոյմեբերի 24-ին կրկին խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցեր էին անում ընդդեմ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած զանգվածային կեղծիքների։ Ցուցարարներն այնտեղ են մնացել ամբողջ գիշեր և երկուշաբթի օրը։ Ընդդիմությունը չի ճանաչում քվեարկության արդյունքները, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու իշխող «Վրացական երազանք»-ը հերքում են ընտրակեղծիքների մասին մեղադրանքները։

Ցուցարարները, փակելով Շոթա Ռուսթավելի պողոտան, իրենց դիրքորոշումն են հայտնել, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, նոր խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ՝ պահանջելով նոր ընտրություններ։

Նոր խորհրդարանի նիստի մեկնարկից առաջ «Վրացական երազանք»-ը հաստատել է նոր կառավարության կազմը։

Նոյեմբերի 25-ին  Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին կրկին առաջադրել են որպես վարչապետի թեկնածու, հրապարակել է նոր կառավարության կազմը։ Այն գրեթե անփոփոխ է մնացել՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջարկվել է նշանակել Մակա Բոճորիշվիլիին, որը նախկինում ղեկավարում էր Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը, արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին։ Խորհրդարանական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին առաջարկվել է որպես շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար։ Առաջիկայում խորհրդարանը պետք է հաստատի կառավարության նոր կաբինետի լիազորությունները։

Հատկանշական է, որ Բոչորիշվիլին դեռ պաշտոնապես հաստատված չէ, սակայն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շտապել է շնորհավորել վրացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 25-ին, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել նոր՝ 11-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Հանդիպմանը մասնակցել են միայն «Վրացական երազանք»-ի պատգամավորները, կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է ընտրությունների հաղթողին։ Խորհրդարան անցած չորս ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների  ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել նիստին՝ չճանաչելով ընտրությունների արդյունքները։ Նրանցից ոմանք մասնակցել են խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցուցին։ Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ խորրդարանի նիստն անօրինական են համարել մի քանի պատճառով՝ երկրի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը պետք է գումարի և բացի նոր խորհրդարանի առաջին նիստը։ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է դա անել և ներկա չի եղել հանդիպմանը։

NGnewsgeorgia-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոր խորհրդարանի առաջին նիստի  մասին X-ի իր էջում գրել է «Վրաստանում սև երկուշաբթի. ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները հսկում են այն դռները, որոնց հետևում «վրացական երազանքի ստրուկները» սպանում են մեր Սահմանադրությունը և ծաղրում մեր խորհրդարանին»:

Նիստում ճանաչվել են ընտրված բոլոր 150 պատգամավորների, այդ թվում՝ «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների լիազորությունները։ Ըստ ընտրությունների արդյունքների՝ իշխող կուսակցությունը ստացել է 89 մանդատ, ինչը բավարար է, որպեսզի այս կուսկացությունը միակողմանի որոշումներ կայացնի։ Խորհրդարանի նիստին «Վրացական երազանքի» պատգամավորների հետ ներկա էին երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բացակայության պատճառով նիստը բացել է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր, իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ է ընտրվել Շալվա Պապուաշվիլին։

 Վրաստանի խորհրդարանը երեկ հաստատել է նախագահական ընտրությունների անցկացման օրը, այն նախատեսված է դեկտեմբերին 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Վրաստանի նոր նախագահին հինգ տարի ժամկետով առաջին անգամ կընտրի ընտրական կոլեգիան՝ բաղկացած 300 պատվիրակներից՝ ընտրված խորհրդարանի 150 պատգամավորներից և 150 տարածաշրջանային պատվիրակներից։ Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։

«Վրացական երազանք»-ը որոշել է առաջին նիստին չհրավիրել օտարերկրյա դեսպաններին, ինչը աննախադեպ որոշում է ժամանակակից Վրաստանի համար, քանի որ գործընկեր երկրների ներկայացուցիչները սովորաբար մասնակցում էին օրենսդիրների առաջին նիստերին։ Խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին այս որոշումը բացատրել է «օտարերկրացիների ոչ պատշաճ ազդեցությունը» նվազագույնի հասցնելու ցանկությամբ։

Ընդդիմությունը նիստը բոյկոտելը պատճառաբանել է իշխող ուժի ոչ  թափանցիկ և բաց գործելաոճով։

Նոյեմբերի 27-ին  Բիձինա Իվանիշվիլին երկրի 6-րդ նախագահի պաշտոնին «Վրացական երազանքի» կողմից առաջադրել է  53-ամյա նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլիի թեկնածությունը։ Կավելաշվիլին Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է և «Ժողովրդի իշխանություն» կուսակցության քաղաքական քարտուղար, որը հայտնի է իր հակաարևմտյան տրամադրություններով, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող։

«Իհարկե, ես գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն է Վրաստանի նախագահի պաշտոնը, հատկապես այն ֆոնին, երբ գործող նախագահը վիրավորել և անտեսել է մեր գլխավոր փաստաթուղթը՝ Վրաստանի Սահմանադրությունը և շարունակում է խախտել այն նաև այսօր», -ասել է Կավելաշվիլին։

 Պատրաստեց՝ Զաբելա Ավագյանը

 

Նորություններ