Փաշինյանը զայրացավ Շիրակի մարզպետի պարզաբանումից հետո․«Գնալու եմ Վահրամաբերդ, էդ գյուղի բնակիչներն ուրիշ դարդ չունեին, հա՞» | Region

Փաշինյանը զայրացավ Շիրակի մարզպետի պարզաբանումից հետո․«Գնալու եմ Վահրամաբերդ, էդ գյուղի բնակիչներն ուրիշ դարդ չունեին, հա՞»

Նոյեմբեր 28,2024 14:22

Չեղարկվեց Շիրակի մարզի դպրոցներից մեկում  զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյայի անունով դասասենյակի անվանակոչումը, որի մասին տեղեկացված չեն եղել ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ ԳՇ պետը, ո՛չ ԿԳՄՍ նախարարը, ո՛չ էլ ՏԿԵ  նախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ ԿԳՄՍՆ նախարարը չեղարկում է Շիրակի մարզի  Վահրամաբերդ գյուղի դպրոցում  նախորդ շաբաթ ՀՀ ԶՈւ զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով դասասենյակի անվանակոչման մասին որոշումը: Այս մասին հայտարարվեց այսօր կառավարության նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արարողության մասին, որին ներկա է գտնվել նաև Շիրակի մարզպետը, անվանակոչման մասին տեղեկացված չեն եղել ո՛չ Պաշտպանության նախարարը, ո՛չ Գլխավոր Շտաբի պետը, ո՛չ ԿԳՄՍՆ նախարարը, ո՛չ էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը․«Այս ամենն անընդունելի է, մասնավորապես այն պայմաններում, երբ ԱԺ դահլիճից տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ «դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան: Բացի այդ, կա դպրոցների անվանակոչության հատուկ ստանդարտ, իսկ նման պրոցեսների շարունակականությունը բացառված է»։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ գյուղի բնակիչների խնդրանքն է եղել տվյալ անձի անունով անվանակոչել դասասենյակը։

Մարզպետին ընդհատեց Փաշինյանը․«Էդ գյուղի բնակիչներն ուրիշ դարդ չունեին, հա՞»։

Մուրադյանն ի պատասխան նշեց՝ իմ հանդիպման ժամանակ այդպես է խոսվել․«Իմ հորդորով է չեղարկվել այդ ամենը»։

Փաշինյանը զայրացավ․«Եկեք անընդհատ հղումներ չանենք՝ գյուղի բնակչության պահանջով։ Ես մի օր կգնամ Վահրամաբերդ տեսնեմ՝ էդ ինչ վիճակ եք ստեղծել գյուղում, որ բնակիչները ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է, անվանակոչեք ու վերջ, դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար»։

 Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ