Ալեքսանդր Սիրունյանի ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ հայտարարություն
Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա։
Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտում են ՔՊ-ի կողմից ԲԴԽ ոչ դատավոր անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին առաջադրելը և պահանջում չեղարկել Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության մասին որոշումը։
Քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը։
Մինչդեռ, Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում չի կարող ապահովել և երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից։
Այս թեկնածուի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայության, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:
Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա։
Այսպես, դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։
Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների և նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլև ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարևորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը:
Հայտարարության մանրամասներն՝ այստեղ
Բացի այս, «Թրանսփարենսի ինթենեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Ալեքսանդր Սիրունյանի գործունեության վերաբերալ խնդրահարույց բացահայտումներ է արել․«
Ա. Սիրունյանի գործունեության հետ կապված մի շարք խնդրահարույց դրվագներ են արձանագրվել ԹԻՀԿ «Հայաստանի պաշտպանության բնագավառի գնումներում հիմնական կոռուպցիոն ռիսկերը․ 4 կարմիր դրոշակ» զեկույցում:
Սիրունյանը հանդես է եկել որպես պաշտպանական գնումների կոռուպցիոն գործարքներում ներգրավված «ORSIS ARMS» ՍՊԸ և դրա հիմնադիր «Պրոմտեխնոլոգիա» կորպորացիայի ներկայացուցիչ: «ORSIS ARMS» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի ապրիլին՝ տարբեր քրեական գործերով անցնող ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ՊՆ նախարարի և ՀՀ նախագահի միջնորդությամբ: Այն Հայաստանում ներկայացրել է ռուսական «ORSIS» ընկերությունը, որը կապվում էր Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի անվան հետ։
Սիրունյանը մի քանի ելույթներում քննադատել է ՊՆ կոռուպցիոն գործարքները և դիմել է դատարան ընդդեմ պետության, սակայն իր կողմից ներկայացվող ընկերությունները ևս ներգրավված են եղել կասկածելի գնումներում, մասնավորապես՝ ներկայացնելով ուռճացված գներ, ռազմականի փոխարեն առաջարկելով որսորդական սարքավորումներ, ստանալով առավելություն մրցույթներում և այլն: Իր հայտարարություններում Սիրունյանը նաև նշել է, որ ORSISը մրցույթին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտոնյաների խնդրանքով: 2019 թվականի հունիսին «ORSIS ARMS» ՍՊԸ հիմնադիրներից մեկն իր 50 տոկոս բաժնեմասը փոխանցել է «ORSIS ARMS» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ Ա․ Սիրունյանի կնոջը»: