«Անգամ բարենպաստ եղանակի պարագայում Վերին Լարսում բեռնատարների այս կուտակումները դժվար կլինի մաքրելը, նույնիսկ՝ մինչև Ամանոր»․բեռնափոխադրող
1000-ից ավել հայկական բեռնատարներ Վերին Լարսի անցակետում սպասում են իրենց հերթին, բեռնափոխադրողները մեծ վնասներ են կրում
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումներ են։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնն երեկ հայտնել է, որ Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է 1246 հայկական բեռնատար, ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4486 տրանսպորտային միջոց է սպասում Վերին Լարս անցակետը հատելուն։
Բեռնափոխադրող Վարուժան Քոլյանը REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ առավոտվա հետ համեմատ՝ անցակետում վիճակը նույնն է։
Նրա խոսքով՝ չնայած, որ անցակետը նոմալ գործում է, սակայն հերթում մեքենաների կուտակումները շարունակվում են: Հաշվի առնելով այս պահին եղած բեռնափոխադրումների ծավալը, ինչպես նշեց բեռնափոխադրողը, ամանօրյա տոներին ընդառաջ բավական մեծ թվով մեքենաներ կան, որոնց մեջ հայկական բեռնատարների թիվը մոտավոր հաշվարկներով հասնում է 1200-ի:
Այս հերթերի պատճառով տարբեր ընկերություններ, բեռնափոխադրողներ վնասներ են կրում։
«Բեռները շատ տարբեր են, հումքից՝ մինչև ջերմային ռեժիմ պահանջող սննդամթերք: Ցանկացած հաջորդ օրը, երբ մեքենան հերթում սպասում է, դրանից բեռնափոխադրողը, ինչ-որ չափով նաև վարորդը, վնասներ են ունենում: Երկու կողմն էլ ֆինանսական վնասներ են կրում»,-ասաց պարոն Քոլյանը։
Նա նշեց, որ դիզելվառելիքի հավելյալ ծախս կարող է առաջանալ նաև ջերմային մշակում պահանջող ապրանքների պահպանման համար:
Բեռնափոխադրող ընկերության համար, ըստ Քոլյանի, հնարավոր մեկ այլ խնդիր էլ այն է, որ ապրանքների ժամկետները կարող են լրանալ:
«Հստակ ժամկետ չեմ կարող ասել, միջին հաշվով 400-500 բեռնատար է ձևակերպում Վերին Լարսը, և քանի որ մեքենաները «Սադախլու» անցակետում միջինում 24 ժամից ավելի են սպասում մինչև կհատեն սահմանը, «Բագրատաշենի» անցակետը չի կարողանում աշխատել այս ծավալների հետ: Իմ պատկերացմամբ, անգամ բարենպաստ եղանակի պարագայում, այս կուտակումները դժվար կլինի մաքրելը, նույնիսկ մինչև Ամանոր»,-ասաց Քոլանը։
Նշենք, որ Վերին Լարսը ՀՀ-ն Վրաստանով Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, այստեղ պարբերաբար խափանումներ են լինում, եղանակային պայմաններից ելնելով անցակետը հաճախ փակվում է, ինչի հետևանքով բեռափոխադրողներն օրերով մնում են ճանապարհին։
Ամանորին ընդառաջ էլ բեռնափոխադրումների ծավալներն երկու կողմից էլ ավելանում են, վերջերս ուստի բեռնատարների կուտակումներն էլ են ավելանում։
Վերջերս Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ էր ձյան պատճառով, այդ ընթացքում էլ բեռնատարների մեծ հերթ է ձևավորվել։
Նիկոլ Մարգարյան