«Կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն, կան նույնականացված, բայց չհուղարկավորված մասունքներ»․Անահիտ Ավանեսյան | Region

«Կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն, կան նույնականացված, բայց չհուղարկավորված մասունքներ»․Անահիտ Ավանեսյան

Դեկտեմբեր 13,2024 17:32

Առողջապահության նախարարն ասում է՝ նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքների դեպքում աշխատանքները ծնողների, քննչական մարմինների, պաշտպանության նախարարության հետ շարունակվում են

 

Կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն, կան նույնականացված, բայց չհուղարկավորված մասունքներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացը։

Նա ասաց, որ աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է՝ եթե հարցը չի վերաբերում որևէ քրեական գործին։

Ինչ վերաբերում չնույնականացված աճյուններին, ապա նախարարն ասաց՝ Նիդեռլանդների հետ համագործակցության բոլոր փուլերը ավարտվել են․« Մասունքների վերջին փորձաքննություններն ավարտվել են և ամփոփվել։ Եթե խոսքը չի վերաբերում կոնկրետ դեպքի քրեական գործի շրջանակներում հավելյալ փորձաքննության անհրաժեշտությանը, ապա այս գործընթացը կարելի է համարել ավարտված։ Այո, կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն։ Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, և այս մասով աշխատանքները ծնողների, քննչական մարմինների, Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»։

Հարցին՝ ի՞նչ է նախատեսվում անել այն մասունքների դեպքում,  որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, Ավանեսյանը պատասխանեց․«Հասկանալով, որ սա շատ ծանր աշխատանք է և ժամանակ է պահանջում, թե՛ մասնագետների, թե՛ հոգեբանների, բոլոր հնարավոր միջոցներով՝ աշխատանքն ընթանում է»։

Նորություններ