Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին
Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Նրա օգտին քվեարկել է 224 ընտրող։ Հաղթելու համար Կավելաշվիլուն անհրաժեշտ էր 200 ձայն՝ կոլեգիայի ընդհանուր թվի երկու երրորդը։
Նա ներկայացնում է կառավարող «Վրացական երազանք»-ը, եւ միակ թեկնածուն էր։
«Լինելով խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր՝ նախկին ֆուտբոլիստը, որը բարձրագույն կրթություն չունի, հիշվել է հանրության կողմից, նախ, հակաարեւմտական հայտարարություններով, կռիվներով նիստերի ժամանակ եւ անցենզուր բառապաշարի օգտագործմամբ։ Շատ քաղաքացիներ նրա առաջադրումը գնահատել են որպես նախագահի ինստիտուտի եւ ընդհանրապես պետության վիրավորում», գրել է լրատվամիջոցը։
Կավելաշվիլին ներկա չի եղել քվեարկությանը։ Նիստերի դահլիճում նա հայտնվել է արդյունքների հրապարակումից առաջ։ Նրա ընտրվելու մասին հայտարարությունը ընտրողները դիմավորել են երկարատեւ ծափերով։ Այժմ նա անձամբ ընդունում է շնորհավորանքները համախոհներից։
Ընտրությունները տեղի են ունեցել Ռուսթավելու պողոտայում ընթացող բողոքի ցույցերի եւ անվտանգության ուժեղացված միջոցների ֆոնին։ Ընդդիմությունը, որը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, չի մասնակցել ընտրություններին եւ իր թեկնածուներին չի առաջադրել։
Ընտրություններն սկսվել են ժամը 09.00-ին եւ ավարտվել 14.00-ին։
Նախագահին առաջին անգամ ընտրել են ոչ ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրողների կոլեգիայով։ Կոլեգիան բաղկացած է Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 եւ Աբխազիաի Գերագույն խորհրդի 20 ներկայացուցիչներից, սաքրեբուլոյի (քաղխորհուրդների) 109 պատգամավորներից։ Սաքրեբուլոն «Վրացական երազանքի» քվեն լիովին լրացրել է իր ներկայացուցիչներով։
Արդյունքում՝ քվեարկությանը մասնակցել է 225 ընտրող։ Ադա Մարշանիան ընտրատուփ է նետել մաքուր թուղթ՝ հայտարարելով, որ միակ թեկնածուին «վատն» է համարում։ Աբխազիայի ԳԽ մի քանի պատգամավորներ հրաժարվել են մասնակցել քվեարկությանը՝ ի նշան բողոքի։
Վրաստանի վեցերորդ նախագահին ընտրել են հինգ տարով։ Երդմնակալությունը կկայանա դեկտեմբերի 29-ին։
Հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվա նախագահական ընտրություններն անվանել է «պարոդիա» եւ «սադրանք»։ Ինչպես եւ ընդդիմությունը, նա խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները, մինչեւ որ երկրում տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, ստիպված կլինի «գնալ թոշակի» Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։