ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ աշխարհի չեմպիոն
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Բահրեյնը ներկայացնող օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը 455 կգ-ով չորրորդն է:
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունը մեկնարկեց 206 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 211 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 215 կգ: Այս վարժությունում Լալայանն առաջինն է եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Գոռ Մինասյանը պոկեց 205 կգ, ապա՝ 210 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրած 215 կգ-ը ձախողեց եւ նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում Լալայանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 245 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 252 կգ, բայց օլիմպիական փոխչեմպիոնը չկարողացավ հրել: Երրորդ մոտեցմամբ Վարազդատ Լալայանը հաջողությամբ հրեց 252 կգ-ը եւ այս վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալին:
Գոռ Մինասյանը հրում վարժության առաջին երկու մոտեցումները ձախողեց, որոնց համար պատվիրել էր 245 կգ: Երրորդ մոտեցմամբ Մինասյանին հաջողվեց հրել 245 կգ-ը: Այս վարժությունում Մինասյանը 5-րդն է:
Այս քաշային կարգում երկամարտի 459 կգ արդյունքով արծաթե մեդալը նվաճեց իրանցի Ալի Դավուդին (206+253), բրոնզե մեդալակիրը 456 կգ արդյունքով իրանցի Ալիռեզա Յուսեֆին է (194+262):
Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2022 թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր:
2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի կոչումը: Երկամարտում Լալայանը գրանցել է 462 կգ արդյունք (212+250):
2023 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252) նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245) եւ դարձավ բրոնզե մեդալակիր: