«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։
Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը:
«Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալու կարևոր օղակ ԵԱՏՄ հուսալի և կայուն տրանսպորտային հիմնակառուցվածքի ձևավորման գործընթացում։ Նախագծի հիմնական նպատակը միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի թողունակության ավելացումն է և տրանսպորտային կապերի ամրապնդումը հարևան երկրների հետ»,- ասել է ԵՏՀ նախարարը։