«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը կազատզրկվի 10 տարով, նրանից կբնագանձեն 326 միլիոն դրամ | Region

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը կազատզրկվի 10 տարով, նրանից կբնագանձեն 326 միլիոն դրամ

Դեկտեմբեր 17,2024 17:29

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն 600 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենն իր աշխատանքային գործունեության ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, Հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հափշտակել է հիմնադրամին պատկանող՝ իրեն վստահված 325 միլիոն 600 հազար դրամը: Հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված՝ հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ գումարից 226 միլիոն 464 հազար դրամը հաշվից հաշիվ փոխանցելու՝ քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է:

Դատախազը 2019 թվականի հունվարի 24-ին Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

2019 թվականի ապրիլի 30-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ ուղարկվել էր իրավասու դատարան:

Թեև դատախազության հաղորդագրությունում չի նշվում նախկին գործադիր տնօրենի անունը, սակայն հաղորդագրության մեջ նշված տարիներին կառույցի գործադիր տնօրեն է եղել Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։

Ծանուցումհանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նորություններ