Այդ պաշտոնյաների մի մասը վաղուց պետք է փոխվեր. Մակարյանը՝ կադրային փոփոխությունների մասին | Region

Այդ պաշտոնյաների մի մասը վաղուց պետք է փոխվեր. Մակարյանը՝ կադրային փոփոխությունների մասին

Դեկտեմբեր 19,2024 16:13

Փոքր բիզնեսը ավելի շատ սոցիալական, քան տնտեսական նշանակություն ունի, պետությունը  պետք է մտածի՝ որ կոմպոնենտն է ուզում զարգացնել,- REGIONS TV-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառության հարկի համակարգում կատարված փոփոխություններին, հայտարարեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Օրինակ՝  հաշվապահական ընկերությունները պետությանն օգուտ են բերում այն առումով, որ մյուսներին դրդում են թափանցիկ աշխատել: Փոխարենը մենք սա խրախուսենք, գալիս ասում ենք՝ դու սկսել ես ավելի շատ փող աշխատել, ծառայությունների թիվն ավելացել է, պետք է սկսես ավելի շատ հարկեր վճարել: Նույնն էլ իրավաբանական ծառայության դեպքում․ սա էլ մարդկանց իրավունքի, քաղաքակրթության, հավասար վերաբերմունքի հնարավորություններ է ստեղծում: Փողը մի կողմ, բայց կան արժեքներ, որոնք պետության համար ավելի բարձր պետք է լինեն»:

Մակարյանի խոսքով՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իրավաբանական ծառայություններն ավելացել, պետությունը պետք է ուսումնասիրի, մարդկանց լուծումներ առաջարկի։

«Նաև պետք է խորանան՝ ինչո՞ւ է իրավաբանական ծառայությունների պահանջարկն ավելացել, եթե բնակչության թիվը չի ավելացել, բիզնեսի թիվն էական չի փոխվել: Քաշքշուկները դատարաններում, խաբեությունները, խարդախությունները, տարբեր այլ երևույթներ  առաջացնում են իրավաբական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն»,-ընդգծեց Գործատուների հանրապետական միության նախագահը:

Մակարյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը մեկ օրում կառավարական կաբինետում էական կադրային փոփոխությունների գնաց։

«Այդ պաշտոնյաների մի մասը վաղուց պետք է փոխվեր, ո՞վ ասաց, որ իրենց վարքագծով, հոգեբանությամբ, գիտելիքով արժանի էին պաշտոնյա լինելու: Պրոֆեսիոնալիզմը միայն գիտելիքը չէ, նաև սկզբունքներն են, արժեքները, հետևողականութունը, նրանց մեծ մասը չուներ այդ մղումները: Վերջին հաշվով, եթե տարբեր պաշտոնյաներ չեն կատարում իրենց պարտականությունները, կուժն ու կուլան կառավարության ղեկավարի գլխին է կոտրվում»,-նշեց Մակարյանը:

Նորություններ