Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի | Region

Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի

Դեկտեմբեր 19,2024 17:59

Կառավարությունը հավանություն է տվել  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի  ստեղծում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման նպատակն է նպաստել ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը: Կոնվենցիայի ստորագրմամբ հնարավոր կլինի՝ բացառել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը պայմանավորվող պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ստեղծել ներդրումային բարենպաստ միջավայր, խթանել երկկողմ առևտրաշրջանառությունը, ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային միջավայր, ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ ներդրողների համար, նպաստել միջազգային հար¬կային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։

Նորություններ