ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024-ի ընթացքում կատարված աշխատանքները | Region

ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024-ի ընթացքում կատարված աշխատանքները

Դեկտեմբեր 25,2024 11:15
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

2024 թվականի ընթացքում ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել են 6842 կանխարգելիչ բնույթի միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ և արգելված այլ իրեր ու պարագաներ։

ՌՈ համապատասխան ստորաբաժանումների կողմից ստացված օպերատիվ տվյալների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքեր, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք, մասնավորապես՝ գնդացիրներ, ինքնաձիգներ, ատրճանակներ։

Ընթացիկ տարում ռազմական ոստիկանության ծառայողները պարբերաբար այցելել են մարտական դիրքեր։ Բացի այդ՝ ՌՈ կենտրոնական մարմնի, ինչպես նաև սահմանային զորամասեր չսպասարկող ՌՈ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ևս այցելել է մարտական դիրքեր, ընդ որում՝ գիշերակացով, նպատակ ունենալով ոչ միայն հսկողություն սահմանել ծառայության պատշաճ կազմակերպման նկատմամբ, այլև վեր հանել առկա խնդիրներն ու հնարավորին չափ օժանդակել դրանց լուծմանը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կայազորների տարածքում իրականացրել է «Կարգազանց-2024» նշանաբանով 298 միջոցառում, որի ընթացքում ի հայտ են բերվել տարբեր տեսակի կարգապահական խախտումներ։ Բացի այդ՝ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության իրականացրած շուրջօրյա ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է պահպանել զինվորական բարեվարքության նորմերը և առաջնորդվել համապատասխան օրենքներով, կանոնագրքերով ու հրամաններով։

Նորություններ