Առաջին անգամ պատմության մեջ․ Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՈւԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու ժամանակակից ֆուտբոլային բժիշկից պահանջվող հիմնական հմտությունները: Ծրագիրն ընթանում է համակցված ուսուցման մեթոդով՝ զուգակցելով սեմինարները, որտեղ բժիշկները սովորում և կիրառում են տեխնիկան, առցանց էլեկտրոնային ուսուցման աջակցության հարթակի հետ, որը պարունակում է ուսուցողական տեսանյութեր, մասնակիցների գիտելիքների թեստեր և գործընթացի ուղեցույցներ:
ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրի (FDEP) շրջանակում Հայաստան կժամանեն ՈւԵՖԱ բժշկական կոմիտեի և բժշկական ծառայության ներկայացուցիչները, տարբեր եվրոպական հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և սպորտային բժշկության մասնագետներ, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի անդամ հանդիսացող բոլոր ֆուտբոլային ասոցիացիաների երկուական մասնակիցներ: Առաջին անգամ կինեզիստներին նույնպես հնարավորություն է տրվելու մասնակցել և ձեռք բերել գործնական հմտություններ։
Այս ծավալի նեղ մասնագիտական բժշկական համաեվրոպական կրթական միջոցառում Հայաստանում իրականացվելու է առաջին անգամ։