Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է Տավուշում | Region

Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է Տավուշում

Հունվար 10,2025 19:31

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել է նախարարության 2024 թվականի գործունեությունը, գրանցած արդյունքնեը և իրականացված բարեփոխումները, պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

Նախքան հարցուպատասխանը նախարարը հանդես է եկել հակիրճ զեկույցով, որի ընթացքում անդրադարձել է՝

Միջազգային համագործակցություն

Հայաստանի Հանրապետությունը 2026 թվականին կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը։

Այս պահին ընդհանուր առմամբ իրականացվում է 29 ազգային ծրագիր, որոնց դրամաշնորհային բաղադրիչն ընդհանուր առմամբ կազմում է 100,6 մլն ԱՄՆ դոլար։ Նախարարության համակարգմամբ իրականացվում է նաև 5 տարածաշրջանային դրամաշնորհային ծրագիր։

2024թ․ ընթացքում հաստատվել և մեկնարկել է 12 դրամաշնորհային ծրագիր (ընդհանուր բյուջեն 13.6 մլն ԱՄՆ դոլար)։

Օրենսդրական բարեփոխումներ

2024 թվականի ընթացքում ընդունվել է նախարարության կողմից մշակված 69 իրավական ակտ, որից՝ 4 օրենք, 41 Կառավարության որոշում, 2 Վարչապետի որոշում և 22 նախարարի նորմատիվ հրաման։ Այս համատեքստում անդրադարձել է Էկոպարեկային ծառայության գործարկմանը, ՀՀ Ջրային օրենսգրքում իրականացված փոփոխություններին։

Սևանա լճի էկոհամակարգի պահպանություն

2024 թվականին գրանցվել է Սևանա լճի մակարդակի բարձրացում` 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.39 մ, որը հունվարի 1-ի մակարդակի համեմատ բարձր է 22 սմ-ով։ Սևանա լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131.038 մլն. մ3, որը 97.196մլն. մ3-ով պակաս է 2023 թվականի ծավալից և վերջին 15 տարիների ամենացածր ցուցանիշն է: Ձեռքբերում է նաև, որ ամռան ամիսներին լճի «կանաչման» գործընթաց չի եղել։

Աշխատանքներ են իրականացվել Սևանա լճում եզակի և էնդեմիկ համարվող Սևանի կողակի պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ։

2023 թվականին սահմանվել է սիգի արդյունագործական որսի 679 տոննա չափաքանակ, որից փաստացի որսվել է 652.6 տոննա: Վճարվել է 44.1 մլն ՀՀ դրամ բնօգտագործման վճար։

Անտառների կառավարում

Այս տարի իրականացվել են 337.4 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ։ Աճեցվել է 677480 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել՝ 9 հա տնկարան (2023 թվականին՝ 8 հա): Հարկ է նշել, որ 2024 թվականին իրականացվել են 495.42 հա նախորդ տարիներին տնկված անտառների լրացման աշխատանքներ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ձեռնրկատիրական գործունեությունից մուտքերը 2024 թվականին կազմել են մոտ 2.05 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 246.0 մլն դրամով կամ 13 %-ով։

Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ

Վայրի բնություն է բաց թողնվել ՀՀ-ում բնության մեջ անհետացած համարվող ազնվացեղ եղջերուների 10 առանձնյակ:

Սևանա լիճ բաց է թողնվել շուրջ 389300 հատ ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ՝ նախորդ տարվա 231732 հատ գեղարքունի տեսակի դիմաց։

201 գույքագրման ենթակա հուշարձաններից գույքագրվել է 50 բնության հուշարձան՝ նախորդ տարվա 31-ի համեմատ։ Հաստատվել է 1 հուշարձանի անձնագիրը։ 2025 թվականին պետական բյուջեից հատկացումների շրջանակներում կիրականացվի 22 հուշարձանի անձնագրավորումը։

Անցնող 2024 թվականի ընթացքում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում, տարվա ընթացքում նաև վերջին չորս տարիների ընթացքում ֆոտոթակարդներին երկրորդ անգամ հաջողվել է գրանցել ընձառյուծ Տավուշի մարզում։

Այլ աշխատանքներ.

Հաստատվել են 1046.1 մլն դրամի շրջանակներում բնապահպանական սուբվենցիաներ՝ 2025 թվականին 15 ազդակիր համայնքում բնապահպանական և առողջապահական միջոցառումների իրականացման նպատակով։ Հարկ է նշել, որ 2024 թվականին բնապահպանական սուբվենցիաները կազմել են շուրջ 322.6 մլն ՀՀ դրամ՝ 5 համայնքի համար։

Մշակվել է Բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման մեկ միասնական ընթացակարգ, որով սահմանվել են ներդրումային ծրագրերի իրականացման պարտադիր միջոցառումներ, ծրագրերի գնահատման նոր հստակ չափորոշիչներ և մեթոդներ:

Ընդլայնվել է ոլորտի ծառայությունների մատուցման թվայնացման շրջանակը։

Նախարարն ընդարձակ անդրադարձ է կատարել նաև մթնոլորտային օդի պահպանության իրավիճակին։

Նորություններ