Փաշինյանն աղջիկների՝ բանակում ծառայելու մասին․«Մեզ երկրաչափական պրոգրեսիա է պետք։ Ամեն զորակոչին հասնենք գոնե 50-100-ի»

Կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ չկա զորակոչ, որ կամավոր պարտադիր ժամկետային զինծառայության համար ներկայացող աղջիկներ չլինեն, նվազագույնը երկու հոգի ամեն զորակոչին լինում են
«Պարզ է, որ բարդություններ կան, չնայած ընդհուպ պարեկային ոստիկանությունում մենք բարդություններ ունենք։ Բայց մենք պետք է արձանագրենք դա, մեր բնակչության մեծամասնությունը կանայք են։ Մենք, եթե կանանց ներուժը լիարժեք չօգտագործեցինք, դա նշանակում է մենք մեր երկրի զարգացման ճանապարհը փակում ենք, հնարավորությունից զրկում ենք, որովհետև չի կարող, որ դու քո ռեսուրսի 40%-ը օգտագործես և կարողանաս այդ զարգացման հնարավորությունը ունենալ»,-այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զորակոչի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ զինվորական ծառայության մեջ կանանց ներգրավման գործընթացը շատ դանդաղ է ընթանում, նույնիսկ գրեթե առաջ չի գնում։
Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց՝ ինչպիսի՞ն է աղջիկների՝ բանակում ծառայության անցնելու վիճակը։ Ի պատասխան Պապիկյանը պատասխանեց. «Տեմպը այնպիսին չէ, որ մենք կարողանայինք ասել, որ շատ լավ արդյունքներ ունենք, բայց այնպես էլ չի, որ շարժ չկա: Չկա զորակոչ, որ կամավոր պարտադիր ժամկետային զինծառայության համար ներկայացող աղջիկներ չլինեն։ Նվազագույնը երկու հոգի ամեն զորակոչին ունենում ենք ու հետագայում մեծամասնությունը ծառայությունը շարունակում է»:
«Բայց մեզ արդեն երկրաչափական պրոգրեսիա է պետք, գոնե հասնենք 50-100-ի: Այո, կարծրատիպերի խնդիր ունենք, բայց մեզ ագրեսիվ բան է պետք, անգլերեն ասում են «հեթ հանթինգ», որպեսզի գնանք այդ ուղղությամբ»,-արձագանքեց Փաշինյանը։