«Ի՞նչ անենք, հայտարարություն տանք, էդ մարդկանց գնան բռնե՞ն»․Սարիկ Մինասյանը՝ ավտոկայանատեղիներում ապօրինի 100 դրամներ հավաքողների մասին | Region

«Ի՞նչ անենք, հայտարարություն տանք, էդ մարդկանց գնան բռնե՞ն»․Սարիկ Մինասյանը՝ ավտոկայանատեղիներում ապօրինի 100 դրամներ հավաքողների մասին

Փետրվար 05,2025 21:36

Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ասում է՝ ինձ թվում է, մոտակա 10 տարին Գյումրիում տրանսպորտի թանկացում չի լինի, նա խոստանում է բարեփոխել հասարակական տրանսպորտը 

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բավականին ցածր են։ Նաև սրանով էր պայմանավորել  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը իր նշանակումից հետո ավագանու նիստ չհրավիրելը և 2025 թվականի համայնքային բյուջեն չհաստատելը։

Գյումրի համայնքի ղեկավարի աշխատավարձը հանրապետությունում ամենացածրներից է՝ որպես քաղաքապետ։

«Երեկ եմ աշխատավարձ ստացել, 317․000 դրամ»,-վստահեցրեց Սարիկ Մինասյանը։

Նա մոտ 2 ամիս առաջ հայտնել էր, որ քաղաքապետարանի ապարատում ավելորդ հաստիքներ կան և ինքը մտադիր է կրճատումներ անել, որպեսզի կարողանա աշխատավարձերի բարձրացում իրականացնել։

Այսօր, REGIONS TV-ի հարցին, թե արդյո՞ք կրճատումներ սկսել են, նա պատասխանեց, որ հիմա կրճատման մասին խոսք չկա, պիտի ուսումնասիրեն, հասկանան։ Բայց համայնքի նախկին ղեկավար Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո, որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվել են։

«Ովքեր գնացել  են, իրենց դիմումի համաձայն են գնացել, թե քանի աշխատող, չեմ հաշվել, հետաքրիր չէ, բայց շատ չեն, քիչ են»,- ասաց նա։

Հեռացողների թվում է նաև Վարդգես Սամսոնյանի քույրը՝ Հասմիկ Սամսոնյանը։ Ի դեպ, Սարիկ Մինասյանը նրան նշանակել էր քարտուղարության բաժնի պետին փոխարինող, քանի որ պետը՝ Աննա Մեքինյանը, մեկնել էր ֆիզարձակուրդ։ Մինչ այդ, Հասմիկ Սամսոնյանը այդ նույն բաժնում աշխատում էր որպես գլխավոր մասնագետ։

Այս նշանակումից հետո, խոսակցություններ էին տարածվել, թե «Բալասանյան դաշինքը» ներկայացնող Վարդգես Սամսոնյանն արտահերթ ՏԻՄ ընտրություններում պատրաստվում է պաշտպանել Սարիկ Մինասյանի թեկնածությունը։

Բայց նշանակումից օրեր անց, Հասմիկ Սամսոնյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ «Բալասանյան դաշինքից» հավաստիացնում են, որ    իրենք Սարիկ Մինասյանին չեն սատարելու։

Սարիկ Մինասյանն այսօր հաստատեց, Հասմիկ Սամսոնյանն իր դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել։
Գյումրու համայնքապետարանում առաջնահերթ խնդիր են համարում հանրային տրանսպորտի բարեփոխումը։  Գյումրիում տրանսպորտի խիստ պակաս կա, եղած քանակը չի բավարարում ուղևորափոխադրումները կանոնավոր կազմակերպելու համար։ Որոշ ուղղություններով էլ  ժամը 18-ից հետո տրանսպորտ ընդհանրապես չկա։ Սարիկ Մինասյանը խոստացել էր, որ ներքաղաքային տրանսպորտը աշխատելու է մինչև ժամը 21 անց 30-ը։

«Նախատեսում ենք, որ Գյումրիի կանգառներում փակցված լինեն հստակ երթուղիները իրենց ժամային գրաֆիկներով, առայժմ թղթային տարբերակով, քանի որ այս պահին հնարավորություն չունենք պատվիրելու էլեկտրոնային տարբերակները, գումարի սղության պատճառով։ Այս ամենը վերջացնելուց հետո նոր երթուղային տաքսիները կսկսեն էդ գրաֆիկով աշխատել։ Այսինքն, որ կանգառում որ լինես, կարող ես նայել, թե էդ համարի երթուղայինը երբ կհասնի էդ կանգառը»,- ասաց Մինասյանը։

Երթուղիների չվացուցակը, ըստ նրա, թղթային տարբերակից թվայնացման կանցնի ավելի ուշ։

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք բերված 5 էլեկտրական ավտոբուսները 2024 թվականի օգոստոսին էին Գյումրի հասել, բայց դրանք դեռ չեն շահագործվում։ Սարիկ Մինասյանի խոսքով, առաջիկայում էլ այդ ավտոբուսները երթուղի դուրս չեն գա, քանի որ դրանց շահագործման համար մի շարք գործառույթներ են տարվելու։

«Նախ պետք է ավագանու նիստեր գումարվեն Գյումրիում և էդ ավտոբուսները պետք է ընդունվեն համայնքապետարանի կողմից որպես նվեր, պետք է կառուցվեն էլեկտրական լիցքավորման կայաններ։ Արդեն դիմել եմ էլցանցին, որպեսզի համապատասխան վայրերը նշեն, թե որտեղ կա հոսանք, որ լիցքավորման սարքերը տեղադրվեն։ Բացի դրանից, մասնագետների հետ զրուցել եմ, 5 ավտոբուսով հնարավոր չէ 1 երթուղի ծածկել։ Կլինի թերի»,- ասաց Սարիկ Մինասյանը և ընդգծեց․ «Էս պահին կառավարության կողմից Գյումրու համայնքապետարանին կա փոխանցված 107 մլն դրամ, էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու համար։ Նախատեսում ենք մինչև 500 մլն դրամ էլ համայնքի կողմից ներդնել, ունենալ մինչև 28 տեղանոց 10 նորմալ ավտոբուս, դրան գումարած էլ էդ 5 ավտոբուսը, 2 երթուղի կիրականացնենք էդ ավտոբուսներով։ Իսկ մնացած երթուղիներում տրանսպորտային միջոցների  քանակը կավելանա, և էն ժամանակահատվածը, որ կանգառում մարդիկ սպասում են, կկրճատվի»։

Շարժակազմի թարմացումը արդյոք չի՞ ենթադրում ուղեվարձի թանկացում։ Լրագրողի հարցին ի պատասխան, Սարիկ Մինասյանը շեշտեց․ «Էդ գումարը կա, ի՞նչի հիման վրա ավելացվի ուղևորափոխադրումների արժեքը։ Երևանում քաղաքականացնում են, խնդրում եմ Գյումրիում էդ թեման չքաղաքականացնել։ Առայժմ չէ, ինձ թվում է, մոտակա 10 տարին տրանսպորտի թանկացում Գյումրիում չի էլ լինի։ Մինչև Գյումրիում մարդկանց կենսամակարդակը չբարձրանա, գյումրեցին չսկսի լավ ապրել,  թոզ չշնչել, ցեխոտ փողոցներում չքայլել, մանկապարտեզներում ու սպորտդպրոցներում չլինի համապատասխան ջերմաստիճան, կարծում եմ, դա ճիշտ չի լինի և ոչ ոք իրավունք չունի ավելին պահանջելու»։

Ավագանու որոշման համաձայն, Գյումրիում ավտոկայանատեղիներն անվճար են, բայց կան մարդիկ, ովքեր քաղաքի որոշ հատվածներում կայանած ավտոմեքենաների վարորդներից  ապօրինի կերպով 100 դրամներ են հավաքում։ Արդյո՞ք համայնքապետարանը վերահսկում է այս ապօրինությունները։ Ու նաև  կարծիք կա, թե այդ գումարները այլ ուղղությամբ են գնում, ինչ որ մարդկանց գրպանը։ Լրագրողի այս հարցին Սարիկ Մինասյանը հարցով պատասխանեց․

«Ձեզ նեղո՞ւմ են էդ մարդիկ, ասենք 2 հոգի, տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ, գումար են վերցնում, հիմա ի՞նչ անենք, հայտարարություն տանք, էդ մարդկանց գնան բռնե՞ն։ Համայնքապետարանի աշխատող չէ, մարդը իրա շենքի մոտ կանգնած օգնում է, 100 դրամ տալիս են։ Թող չտան։ Հաղորդում տվեք հանցագործության մասին։ 2 հոգի իրենց երեխայի հացը էդ միջոցով ապահովում են, հիմա որ ամեն օր գնանք վռնդենք, 10 րոպե հետո իրենք նորից կգան։ Ու հետո, բոլորը չեն, որ գումար տալիս են։ Էդ մարդիկ օրական 1000-2000 դրամ կարող են հավաքել»։

Կարինե Կազարովա

 

 

 

Նորություններ