«ՀՀ արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»․ Պապոյանը ԶՊՄԿ-ում գործադուլի մասին | Region

«ՀՀ արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»․ Պապոյանը ԶՊՄԿ-ում գործադուլի մասին

Փետրվար 06,2025 15:49

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ խնդրի ամենակատարյալ տարբերակը գործարանի՝  հնարավորինս շուտ աշխատանքները վերսկսելն է

«Բնականաբար մտահոգված ենք, որովհետև Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Այս առումով ամենակատարյալ տարբերակը գործարանի՝  հնարավորինս շուտ աշխատանքները վերսկսելն է» -այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին։

Հիշեցնենք, կոմբինատի աշխատակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ գործադուլ են անում, նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցների և կոմբինատի ղեկավարության միջև հանդիպումը արդյունք չի տվել, գործադուլը շարունակվում է։

Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունը խնդրին լուծում տալու համար, Պապոյանը նշեց, որ ինքը այս հարցի շուրջ բավարար տեղեկատվության չի տիրապետոում, և դա արհմիության և հանքարդյունաբերության համալիրի ղեկավարության աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է։

Հիշեցմանը, որ կառավարությունը բաժնեմաս ունի գործարանից, Պապոյանը պատասխանեց․ «Կառավարությունը չունի, ժողովուրդն ունի։ Երբ 32-33 մլրդ դրամ՝ որպես մասնաբաժնից ստացված եկամուտ, փոխանցվեց պետական բյուջե, այդ գումարներով վճարվել է աշխատավարձ, կենսաթոշակ, ճանապարհ է կառուցվել,  որից բոլորս ենք օգտվում»։
Լրագրողների դիտարկմանը, որ գործադուլով պայմանավորված դադարեցվել են նաև այն աշխատանքները, որոնք ուղղված էին բնությանը հնարավորինս քիչ վնասելուն, էկոնոմիկայի նախարարն արձագանքեց՝ դա հղի է մի շարք ռիսկերով, այդ թվում կտուժեն  արտահանման ու արտադրության ցուցանիշները, իսկ սոցիալական տեսանկյունից խնդիրը աշխատողների չվարձատրվելն է, ինչն էլ զուգահեռ իր ազդեցությունն է թողնելու հարկային դաշտի վրա։

Անդրադառնալով երեկ «Պոչավոր» կոչվող հատվածում  ԶՊՄԿ աշխատակիցների (գործադուլ անողների և գործադուլ չանողների)  միջև տեղի ունեցած վիճաբանության դեպքին, որը ուղեկցվել էր զենքի գործադրմամբ և դանակահարության դեպքով, կային նաև վիրավորներ, Պապոյանը հրաժարվեց մեկնաբանել, միայն նշեց, որ իրեն հասած տեղեկության համաձայն՝ այդ դեպքը կապված չէ գործադուլի հետ,․«Էկոնոմիկայի նախարարությունը պետք է հուսա, որ արհմիությունների և կազմակերպության ղեկավարության միջև շարունակվող բանակցությունները կավարտվեն այն արդյունքով, որ հանքը օր առաջ կսկսի աշխատել»։

Նախարարն անդրադարձավ խոսեց նաև Ամուլսարի հանքի շահագործման ժամկետներին և դրա հետ կապված վարկավորման բանակցությունների ընթացքին, նշելով․«Գործընթացը շատ ակտիվ փուլում է, ճիշտ է կան առանձին հատվածներ, որոնց շուրջ բանակցում է մասնավոր հատվածը, բայց ամեն ինչ գնում է նան, որ տեղի է ունենալու վարկավորումը։ Այս պահին կարող եմ ասել, որ իմ տպավորությամբ խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են։ Պլանավորում ենք արդեն հոկտեմբերից իրականացնել հանքի արդյունահանումը։ Բնականաբար, բարդ գործընթաց է, բայց ես տեսնում եմ, որ մենք առաջ ենք գնում, և ամեն հաջորդ օրը ավելի առաջ ենք քան նախորդ օրը»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ