ԶՊՄԿ-ի աշխատակիցներն ու ղեկավարությունը մոտ 2 ժամ քննարկել են գործադուլավորների պահանջը, սակայն համաձայնության չեն եկել

Գործադուլի մասնակիցները պահանջում են նորմալ աշխատանքային պայմաններ ու աշխատավարձերի բարձրացում, նրանք վստահեցնում են՝ սա զուտ աշխատավորական ընդվզում է սոցիալական արդարության վերականգնման համար
Այսօր 5-րդ օրն է, ինչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ»-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
«Որպես համակարգող խորհրդի անդամ, պաշտոնապես հայտարարում եմ՝ սա զուտ աշխատավորական ընդվզում է սոցիալական արդարության վերականգնման համար։ Սա չի ունեցել ու չի կարող ունենալ որևէ քաղաքական երանգ»,- REGIONS TV-ի հետ զրույցում ասաց ԶՊՄԿ-ի աշխատակից, Քաջարանի բնակիչ և բողոքի ցույցի նախաձեռնող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։
Այսօր երեկոյան գործադուլի մասնակիցները ԶՊՄԿ ղեկավարության հետ մոտ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցերը։ Վահե Մխիթարյանն ասաց, որ զրույցը կառուցողական և ջերմ մթնոլորտում է ընթացել, սակայն հարցի լուծում չի գտնվել։
«Մենք մեր նախանշած թիվը ռացիոնալ փաստարկներով փորձել ենք հիմնավորել ու կարծում եմ, որ մեզ մոտ ստացվել է։ Ցանկացած կոնֆլիկտ լուծվում է, և կա կոմպրոմիս։ Գործադուլը միանշանակ շարունակելու ենք մինչև ցանկալի արդյունքի ստացումը»,- հավելեց նա։
ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատուն է։ Ղեկավարությունը պնդում է, որ չի կարող կատարել աշխատակիցների պահանջը՝ աշխատավարձերի 50% բարձրացումը։ Ըստ կոմբինատի ղեկավարության, այդ պահանջն անիրատեսական է։
Կոմբինատը նաև հրապարակել է աշխատավարձերի չափսը, նկատի ունենալով, որ դրանք արդեն իսկ բարձր են։ Անգամ աշխատավարձերի ցուցակն են հրապարակել՝ հարստացուցիչ ֆաբրիկա՝ ֆլոտատոր ՝399,470-594 հազար դրամ, փականագործ՝ 329,918-580 հազար դրամ, էլեկտրագազաեռակցող՝ 359,856-609,491 դրամ, հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս՝ կոնվեյերավար 450-480 հազար դրամ, էլեկտրագազաեռակցող 362,789-614,809 դրամ՝ հարկերը ներառյալ։ Իսկ ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը գործարքային է, այն միջինը կազմում է 1,394,871 դրամ՝ հարկերը ներառյալ։
Մինչդեռ աշխատակիցներն ասում են, որ իրենք նման գումար չեն ստանում, նշելով՝ եթե հարկերը հանեն, բավականին ցածր աշխատավարձ է ստացվում։
Ընդ որում, կոմբինատը հայտարարել էր, որ աշխատակիցների 7%-ն է, որ աշխատավարձերի բարձրացման պահանջ է դնում։ Ուստի աշխատակիցներն այդ հարցով քվեարկություն են անցակցրել։
Վահե Մխիթարյանը վստահեցրեց՝ քվեարկությանը մասնակցած 2448 աշխատակիցներից 8-ը քվեարկել են անվավեր, իսկ 5-ը դեմ են եղել, մնացածը՝ կողմ է արտահայտվել աշխատավարձերի բարձրացմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը։ Կոմբինատում, նշենք, մոտ 4,600 աշխատակից կա։
Մխիթարյանի խոսքով՝ չնայած գործադուլն առաջացնում է տնտեսական որոշակի վնաս, իրենց պահանջները հիմնավոր են և լեգիտիմ, իսկ գործողությունները հիմնված են աշխատողների իրավունքների պաշտպանությանը․«Այստեղ պատասխանատվությունը ավելի շատ գուծատուի վրա է»։
Ինչ վերաբերում է ղեկավարության հայտրարությանը, թե կարող են հարկադիր պարապուրդի ուղարկել գործադուլի մասնակցող աշխատակիցներին, Մխիթարյանն ասաց․«Ես դեռևս տեղյակ չեմ այնպիսի դեպքերից, որ աշխատակիցներին ազատել են աշխատանքից, թեև նման սպառնալիքներ հնչել են։ Չեմ կարծում, որ մասսայական ազատումները հարցը լուծեն։ Գործադուլը չլուծված խնդիրների կուտակման հետևանք է։
ԶՊՄԿ-ի աշխատակիցները վստահեցնում են՝ շարունակելու են գործադուլը՝ մինչև իրենց պահանջներն իրականացվեն։
Սյուզաննա Խառատյան