«Առաջնագիծ են ուղարկել անպաշտպան թալիշներին, ընտանիքների միակ տղաներին, ովքեր հայր չունեին եւ չքավորության մեջ էին ապրում». թալիշ քաղաքական գործիչ
ՌԴ նախագահին կից ազգությունների հարցերով խորհրդի անդամ, Ռուսաստանի թալիշների համայնքի ղեկավար Իսմայիլ Շաբանովն անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին եւ ապրիլյան քառօրյա պատերազմին:
Հարցին, թե ինչ իմաստ ուներ պատերազմական վերջին գործողությունների սանձազերծումը, եւ ով էր դրա հեղինակը, նա պատասխանել է. «Այդ պատերազմը ոչ մի արդյունք չի տվել, բացի այն, որ երկու ժողովուրդներին բերեց շատ դժբախտություններ: Ինչի՞ համար էր այդ պատերազմը, նպատակը ո՞րն էր… որպեսզի Ալիեւն այդ պատերազմով, մարդկանց արյան վրա իմիջ ստեղծեր, դա Բաքվի, Ալիեւի սադրանքն էր՝ ժողովրդին իրական խնդիրներից շեղելու համար»:
Իսմայիլ Շաբանովը պնդել է, որ հակամարտության թեժացման գործում մեծ դերակատարում է ունեցել Թուրքիան, որը սիրիական հակամարտությունը Կովկաս տեղափոխելու թաքնված ծրագիր էր նախապատրաստել՝ ընդդեմ Ռուսաստանի: Ըստ նրա՝ Թուրքիան սիրիական ճակատում ձախողումից հետո ռեւանշի հասնելու ցանկություն ուներ:
«Առաջնագիծ են «նետվում» հիմնականում Ադրբեջանում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչները: Ցավոք այդպես է, այնտեղ են ուղարկել բոլորովին անպաշտպան տղաների, ընտանիքների միակ տղաներին, ովքեր հայր չունեին, ովքեր չքավորության մեջ էին ապրում, բազմաթիվ թալիշ երիտասարդների, նաեւ լեզգիների: Ուղարկում էին առաջնագիծ, եւ շատերը զոհվել են, անհետ կորած են համարվում: Եվ երբ այդ թշվառներին ուղարկում են պատերազմ, պետական բարձր մակարդակով հայտարարում են, որ թյուրքական պետություն ենք, իսկ մյուս ազգային փոքրամասնությունները ոչնչություն են»,- հայտարարել է Շաբանովը:
Ռուսաստանի թալիշների համայնքի ղեկավարի խոսքերով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում չունի: «Գիտե՞ք ինչու… որովհետեւ դուք այդ երկիրն ու հայության հետ կապված ամեն ինչը թշնամի եք համարում, պետք է սպանել նրանց եւ վերջ: Եվ հետո ասում եք՝ միացեք մեզ, ինքնավարություն կտանք եւ այլն… ինչպե՞ս եք վարվելու հայ ազգաբնակչության հետ: Դուք խրախուսում եք հայ զինվորի սպանությունը: Այդ դեպքում ինչպե՞ս եք լուծելու այդ խնդիրը»,- հարց է ուղղել թալիշ գործիչը:
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան