Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել․նրան ու թիկնապահին բերման են ենթարկել զենք-զինամթերք պահելու կասկածանքով

Վարդան Ղուկասյանի փաստաբանն ասում է, որ ոստիկանները Ղուկասյանին քաշքշել են, գետնին գցել, ինչի հետեւանքով գլխին եւ ձեռքին վնասվածք է առաջացել, իսկ նրա հետ գտնվող քաղաքացու ոտքն է վնասվել
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել։ Այսօր Ղուկասյանն ու նրա թիկնապահները բերման էին ենթարկվել։
Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը REGIONSTV-ին մանրամասներ հայտնեց,«Փաստական բազայով որեւէ վարույթ չկա հանցագործություն կատարելու վերաբերյալ։ Ընդամենը ոստիկանությունը կասկածել է, որ իր մոտ կարող է զենք-զինամթերք լինել։ Ըստ փաստաբանի, այս հորինված պատճառով, անձի գույքը վնասելով, իրեն մարմնական վնասվածքներ հասցնելով բերման են ենթարկել։ Դա եղել է ժամը 15-ի հատվածում, Վարդան Ղուկասյանը գտնվել է կայանած ավտոմեքենայի մեջ։ Նրա հետ եղել նաեւ իր աշխատակիցներից մեկը։ Ոստիկանության աշխատակիցները նրան ոչ միայն քաշքշել են, այլ գետնին գցել, ինչի հետեւանքով գլխին եւ ձեռքին վնասվածք է առաջացել, իսկ նրա հետ գտնվող քաղաքացու ոտքն է վնասվել»։

Արամայիս Հայրապետյան
Ըստ փաստաբանի՝ հնարավոր է, որ կոտրվածք է ստացել։ Արամայիս Հայրապետյանի կարծիքով՝սպասվող քաղաքական գործընթացների նախաշեմին՝ մարտի վերջին Գյումրու քաղաքապետի ընտրություններն են, սա ակնհայտ ճնշում է Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Նա ոստիկանությունում պահվել է մոտ 4 ժամ, ազատ արձակվել։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններում, քաղաքապետի իր թեկնածությունն է առաջադրելու առաջիկայում։