Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նա հրաժարվել է որևէ հարցի պատասխանել, ինչպես նաև ցուցմունք տալ | Region

Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նա հրաժարվել է որևէ հարցի պատասխանել, ինչպես նաև ցուցմունք տալ

Փետրվար 25,2025 22:55

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է հացադուլի պատճառով։ Դատավորը ընդմիջում է հայտարարել, հետո նիստը շարունակվել է։

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլի մեջ է ՝ ի նշան Բաքվում ընթացող կեղծ «դատավարության»։

Վարդանյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօր դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ։

Վարդանյանին հարցեր են ուղղել, թե ինչպես է վերաբերվում, ադրբեջանցի դատախազի ձևակերպմամբ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացմանը, ադրբեջանցիների բռնի տեղահանմանը, գերիների ու պատանդների սպանությանը, Ադրբեջանին նյութական վնաս պատճառելուն, ինչպես նաև «ՀՀ քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևա Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի  հետ Վարդանյանի հարաբերությունների մասին, «Ավրորա» հիմնադրամի գործունեության, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու, ՀՀ քաղաքացիություն ընդունելու պատճառների մասին, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի հետ կապերի մասին»։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի։

Վարդանյանի փաստաբանը այս անգամ էլ Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատավորները այն չեն ընդունել, համարելով, թե նման միջնորդություն արդեն քննարկվել է, բավարարելու հիմնավոր հիմքեր չկան։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին:

Բաքուն Վարդանյանին մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, պատերազմական հանցագործությունների մեջ, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու և մի շարք այլ հանցագործությունների մեջ։

Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ ԶՈՒ նախկին շտաբի պետ Դավիթ Մանուկյանի, ՀՀ նախկին ԱԳ նախկին հրամանատար Դավիթ Մանուկյանի և ՀՀ նախկին ԱԳ նախկին հրամանատար Դավիթ Մանուկյանի։

Այս շինծու գործով մեղադրյալներ են նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը։

Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Նա միջնորդել էր գործի նյութերը մյուսների հետ միավորել, սակայն դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

 

Նորություններ