«Էսկալացիայի վտանգ միշտ կա․ հիմա գերտերությունները չեն թողնում. միջազգայնագետ | Region

«Էսկալացիայի վտանգ միշտ կա․ հիմա գերտերությունները չեն թողնում. միջազգայնագետ

Մարտ 01,2025 11:03

Այն, ինչ կատարվում է այսօր Երևան-Բաքու հարաբերություններում, փակուղի է,-REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայանագետ Գրիգոր Բալասանյանը` անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե Բաքուն արձագանքել է Երևանի առաջարկներին, հետևաբար՝ բանակցություններում փակուղի չկա։

«Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել, ազատ չի արձակում քո գերիներին, համայն աշխարհի առաջ դատական ֆարս է կազմակերպում` հայ գերիներին տանջամահ անելով, ոչինչ չի անում, որ ցույց տա, թե խաղաղությունն իրեն էլ է պետք, այդ դեպքում ի՞նչ երկխոսության մասին է խոսքը, ինչի՞ շուրջ են բանակցությունները»,-նշեց Բալասանյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի վտանգին և էսկալացիան բացառելու Փաշինյանի պնդմանը, Բալասանյանն ընդգծեց՝ վտանգ միշտ կա, ինչպես պնդում են ամերիկացի որոշ փորձագետներ, այս տարածաշրջանը երկրագնդի եռացող կաթսաներից մեկն է։

«Մեր տարածաշրջանում ցանկացած պահի կարող է սկսվել պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ: Այն, որ հիմա ռազմական գործողություններ չկան, Հայաստանի կամ Ադրբեջանի շնորհիվ չէ, եթե Ադրբեջանն իմանա, որ միջազգային կոնսենսուս կա, ինքը կարող է հարձակվել Հայաստանի վրա և մարսել, վաղն էլ կհարձակվի: Գերտերությունները պետք է տան այդ կանաչ լույսը՝ հարձակվել կամ չհարձակվել, հիմա չեն թողնում: Հայաստանը պետք է այս իրավիճակից օգտվի՝ երբեմն Ադրբեջանին պատասխան տալու համար»,-կարծիք հայտնեց Բալասանյանը:

 

Նորություններ