«Հայ գերիներին ազատ արձակելը պետք է նախապայման լինի «Խաղաղության պայմանագիրը» կնքելու համար»․Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանը, տարբեր պաշտոնյաներ, երբեմն գերիների վերաբերյալ բավականին վտանգավոր հայտարարություններ էին անում, դրանով իսկ վնասելով նրանց
«Ալիևյան ռեժիմը փորձում է միակողմանի, ինչպես Արցախը բռնազավթեց, ստիպել իրենց բռնատիրական նարատիվները, որպես «հաղթող» մեկընդմիշտ փակել հակամարտության էջը իրենց «ճշմարտությամբ կամ արդարությամբ»՝ դատելով մեր ղեկավարներին, գերիներին զուտ նրա համար, որ հայ են, «համարձակվել են» պայքարել իրենց, մեր բոլորի իրավունքների ազատությունների համար»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, ըստ Բեգլարյանի, պետք է լինի Հայաստանի իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն։ Նա նկատեց՝ Բաքվում ընթացող այդ շինծու դատավարությունների թափ առնելուց որոշ ժամանակ անց միայն իշխանությունը սկսեց հրապարակային որոշ քայլեր ձեռնարկել, մինչդեռ դրա վերաբերյալ պիտի վաղուց խոսեին, քանի որ ռիսկերը հստակ առկա էին։
Դիտարկմանը, որ իշխանությունը նշում է, որ առաջնորդվում է է՛լ չվնասելու սկզբունքով, Բեգլարյանն ասաց՝ հստակ է, որ եթե անգործություն է ցուցաբերվում, արդեն վնասում են․«Ալիևյան ռեժիմի ընդհանուր ձեռագիրը պարզ է։ Բացի դրանից իրենք՝ Նիկոլ Փաշինյանը, տարբեր պաշտոնյաներ, երբեմն գերիների վերաբերյալ բավականին վտանգավոր հայտարարություններ էին անում։ Դա վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, նախկին երեք նախագահներին, Դավիթ Իշխանյանին։ Առնվազն այս հինգի վերաբերյալ անվանական վտանգավոր հայտարարություններ են եղել։ Դրանով վնասել են մեր գերիներին, երբ հայտարարել են, որ պատրաստ են միջպետական գանգատները հետ վերցնել։ Այդ գանգատները ներառում են նաև գերիների պաշտպանությանը և վերադարձին առնչվող պահանջներ, որոշումներ, միջանկյալ միջոցներ»։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններում պետք է հստակ դրված լինի հայ գերեվարված անձանց վերադարձի հարցը․«Դա պետք է լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիներն ազատ արձակվեն, ընդ որում՝ ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման՝ համաձայնագիրը կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել, թե ինչպես պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եթե հայ գերիներն այդ հակամարտության համատեքստում վրեժխնդրորեն դատապարտվում են և որպես գործիք այդ դատավարությունը կիրառվում է խաղաղությունը տորպեդահարելու համար, կամ՝ Հայաստանին մեղադրելու համար՝ ինչ-ինչ հանցագործությունների մեջ»։
Նա ասաց, որ բոլոր հնարավորություններն ու գործիքները պետք է փորձել․« Որոշները կարող են հաջողության հասնել, որոշները կարող են ադրբեջանական կողմից հստակ արգելքի արժանանալ, բայց, միևնույն է՝ դրա համար Ադրբեջանը ստիպված է լինելու գին վճարել, համապատասխան դիվանագիտական ռեսուրս ներդնել»։
Սյուզաննա Խառատյան
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Նորություններ

