Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ | Region

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Մարտ 10,2025 20:24

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է` անվտանգային պայմաններից ելնելով: NEWS.am-ին հայտնել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը: Նա նաեւ հավելեց, որ հանձնակատարի գրասենյակի իրավասությունների մեջ չի մտնում տարհանման գործընթաց կազմակերպելը:

Նրա խոսքով՝ գրասենյակը կապի մեջ է արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ և իրավիճակի հանդարտման դեպքում, եթե հայերի կողմից լինի ցանկություն տեղափոխվելու, համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցեն։

Հիշեցնենք, 1000-ից ավելի մարդ Է զոհվել Սիրիայի նոր ղեկավարների հետ կապված զինյալների և անվտանգության ուժերի ու տապալված Բաշար Ասադին հավատարիմ ալավիների խմբի զինյալների միջև երկրի առափնյա շրջանում տեղի ունեցած երկօրյա բախումների ընթացքում։

Այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցը: ըստ նույն աղբյուրի՝ զոհերի թվում 745 խաղաղ բնակիչ կա: Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը հայտնել է, որ Լաթաքիա քաղաքում երկու հայ է զոհվել՝ հայր և որդի: Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ կառավարական ուժերի՝ «Ասադի ռեժիմի մնացորդների դեմ իրականացվող գործողության ընթացքում խաղաղ բնակիչների դեմ բռնության առանձին դեպքեր են արձանագրվել»։

Անցյալ տարի դեկտեմբերին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման իսլամիստները տապալեցին Բաշար Ասադին, որի ընտանիքը տասնամյակներ շարունակ երկիրը կառավարել է բռնաճնշումներով ու քաղաքացիական պատերազմներով։

Նորություններ