«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքությունը գնահատել եմ 4, բայց հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ 40»․Իոաննիսյան | Region

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքությունը գնահատել եմ 4, բայց հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ 40»․Իոաննիսյան

Մարտ 11,2025 17:21

 Դանիել Իոաննիսյանն ասում է՝ թեկնածուների մի մասի դեպքում բավականին զուգադիպել են գնահատականները

Երեկ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցույթը։ Այս պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը sms-ի միջոցով մի  շարք պաշտոնյանների, այդ թվում՝ Հակակոռոպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խչատրյանին խնդրել էր  դիմում գրել և ազատվել պաշտոնից։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել է 5 թեկնածու՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։ 13 ժամ տևած մրցույթից հետո հանձնաժողովի կողմից ամենաշատ ձայներ հավաքեցին Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց՝ նախորդ մրցույթին դիմել էր ընդամենը մեկ հոգի։. «Սկզբից կար մեկ թեկնածու, շատերը մտածում էին, որ ամեն ինչ կանխորոշված էր, և իմաստ չկար այս մրցակցության մեջ մտնելու, բայց փորձը ցույց տվեց, որ ոչինչ էլ այդպես չէ, երբ նա չհաղթահարեց անցողիկ շեմը, և դա մոտիվացրեց, որ մարդիկ դիմեն ու մասնակցեցին մրցույթին»։

Գնահատման տեսանկյունից նրանք նախօրոք քննարկել են, թե ինչպես է լինելու, կոնֆլիկտներից խուսափելու համար, յուրաքանչյուրը գնահատել է, ու վերջում թվաբանություն են արել. «Թեկնածուների մի մասի դեպքում բավականին զուգադիպել են գնահատականները, կային թեկնածուներ, որոնց մասով գնահատականները էապես տարբերվում էին, օրինակ՝ Պետրոս Մարտիրոսյանի դեպքում ես բարեվարքությունը գնահատել եմ 40-ից 4, բայց եղել է հանձնաժողովի անդամ, որը գնահատել է 40։ Սա է պատճառը, որ ես նրա մասին կարծիք եմ գրել, թե ինչու եմ այդքան գնահատում»,- ասաց Իոաննիսյանը։

Հիշեցնենք, Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրառում է  կատարել, նշելով․«Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով ներկայացրել եմ հատուկ կարծիք, քանի որ նա`

  1. Հանդիսանալով Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակաշրջանում մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԶՊՄԿ տնօրենի ծննդյան խնջույքին:
  2. Հանդիսանալով Լոռվա մարզի դատախազության դատախազ՝ դատարանում ԼԴ/0141/01/14 քրեական գործով ներկայացրել է Կարեն Կունգուրցևի մեղադրանքը՝ անտեսելով քննիչի կողմից կատարված էական և ակնհայտ խախտումները (որոնք վերջում արձանագրվել են դատարանի լրացուցիչ որոշմամբ): Արդյունքում Կունգուրցևը, արդարացվելուց առաջ, շուրջ երեք տարի գտնվել է անազատության մեջ:
  3. Խնայողությունները պահում է կանխիկով, անհվստահություն ունի անկանխիկ խնայողություններ պահելու առումով, իմ գնահատմամբ չի կարողացել հիմնավորել 2017 թվականին գոյացած 6 միլիոն դրամ խնայողությունը (ոսումն ավարտելուց հետո միմիայն պետական ծառայող լինելով հանդերձ) և ունի մի շարք անհամապատասխանություններ հայտարարագրում:
  4. Մտերիմ հարաբերությունների մեջ է (ընկերն է) «թուրքական իշխանությանը պահող» ոստիկաններին «թուրք» ու բարոյականությունը ծախող անվանող և կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ ու 2008 թ.-ի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում ջարդարարություն իրականացրած անձի եղբայրն է (հաստատված է դատարանի կողմից):

Անդրադառնալով թեկնածուների բարեվարքությանը, նա ասաց՝ թեկնածուներից Կարեն Բատիկյանի որդին իրեն պատկանող մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի. «Լավ, մեկ անգամ մեքենան տամ՝ առանց վարորդական իրավունքի վարի, տուգանվի, երկրորդ անգամ տամ, երրորդ անգամ տամ, դա նշանակում է, որ ես այդ պահվածքը խրախուսում եմ, ես էդ պահվածքի հետ OK եմ…»:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանի մասին էլ Իոաննիսյանն ասաց՝ նրա մասին բավականին շատ տեղեկություններ ենք փորձել փնտրել, ստուգել․«Որևէ էական խնդիր չենք հայտնաբերել։ Ստուգմամբ պարզել ենք, որ բարեվարքության մասին իր ներկայացրած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»։
Նա նաև հայտնեց, որ ըստ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ կառավարության կողմից նշանակման ժամկետ կա, եթե այդ ժամկետում չնշանակի, ապա մրցույթը կլինի անվավեր, ինչն, ըստ Իոաննիսյանի, քիչ հավանական սցենար է։

 

Սյուզաննա Խառատյան

Լուսանկարը՝ Դանիել Իոաննիսյանի Ֆեյսբուքի էջից

Նորություններ