«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»․Փաշինյանը հաստատեց հրաժարականների մասին լուրերը
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում է գրառում կատարել աղմկահարույց հրաժարականների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները։ Փաշինյանն այդ մասին ֆեյսբուքում է գրառում կատարել․«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։
Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»։
Հիշեցնենք, երեկ գիշերը հրաժարականներ են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Այսօր նրանց միացել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որ մինչ այս պաշտոնին անցնելը արդարադատության նախարարն է եղել։