Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն․ Նիկոլ Փաշինյան | Region

Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 13,2025 13:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե իր պատկերացմամբ ՀՀ Սահմանադրության տեքստը ինչու է խնդրահարույց

«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի երկվա քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր Սահմանադրության անհրաժեշտությանը։

«Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն»,-ասել է Փաշինյանը։ Նա հերքել է, թե թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։

Նա ասել է, որ նոր Սահմանադրության օրակարգը եղել է 2018 թվականի հեղափոխության հետ:

Փաշինյանը նշել է, որ այն ժամանակ ինքը համարել է Սահմանադրության փոփոխությունն իրագործելի չէ, որովհետեւ, ըստ նրա, 2019 թվականի ապրիլի  9-ին ուժի մեջ էր մտել այն Սահմանադրությունը, որն այսօր գործում է․«Այն ժամանակվանից կար նոր Սահմանադրության օրակարգը, ընդ որում նույն հիմնավորմամբ, չնայած հիմնավորումը հիմա ավելի հարստացել է: Անտրամաբանական էր երկու  ամիս ուժի մեջ լինող Սահմանադրությունը փոխել: Ինչու էր անտրամաբանական, ոչ թե հիմնավորումն էր վերացել, այլ էլի լինելու էր նույն հարցը՝ խորհրդարանական կառավարման համակարգ, թե կիսանախագահական, եւ այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ, երբ խորհրդարանական համակարգը գործում էր ընդամենը 1-2 ամիս: Բայց նոր Սահմանադրության թեման շատ կարեւոր է՝ մեկը այն հիմնավորմամբ, որը ես ինձ համար ունեի 2018 թվականին, մյուսը որ վարչապետի պաշտոնում եւ կարգավիճակում ինձ համար խորացել է»։

Նա ասել է, որ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին թեզն իր ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվել է որպես Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում․« Իրականում՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում այն ունի բացարձակապես այլ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարա լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում բոլոր սահմանադրություններին դա վերաբերում է»։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու և հարաբերվելու կանոնների մասին՝ քաղաքացիներն ինչ կանոնով են իրար հետ հարաբերվելու, քաղաքացին և պետությունն ինչ կանոնով են իրար հետ հարաբերվելու, պետական ինստիտուտներն ինչ կանոնով են ձևավորվելու և այլ․«Արդյոք այս առումով մեր Սահամանադրությունը, որը կա, տեքստային առումով խնդրահարույց է։ Տեքստային առումով ոչ մի Սահմանադրություն խնդրահարույց չէ, խնդիրին այն է, որ քաղաքացիների հետ պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետև թե՛ Սահմանադրության 1995 թվականի ընդունման, թե՛ հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունն ընդունել է Սահմանադրությունը, բայց միշտ քվեարկության արդյունքները կասկածի տակ են եղել․ եղել է ըմբռնում, որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել։ Սա լրջորեն էական է»։

Հիեցնենք, որ տևական ժամանակ է՝ Բաքուն պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի հղումը։

Հայկական կողմը պնդում է՝ դա ՀՀ ներքին գործն է, նաև նշում են, որ «Խաղաղության պայմանագրի» նախագծում համաձայնեցված դրույթ կա, ըստ որի՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին  օրենսդրությանը՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

 

Նորություններ