COP29-ի ամբիոնից Ալիևը Արցախում հայերի էթնիկ զտումները որակեց որպես «արդարություն», իսկ Արցախի օկուպացիան՝ «ազատագրում»
Ադրբեջանը հայտարարում է՝ Երևանն ու Բաքուն դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, մինչեւ տարեվերջ դրա ստորագրումը կախված է Հայաստանից
Ալիևը COP29-ի ամբիոնից Արցախի տարածքի օկուպացիան անվանում է «ազատագրում», իսկ էթնիկ զտումները «արդարություն»։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է․«Չնայած նրան, որ Հայաստանը երեսուն տարի օկուպացրել էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչած տարածքի 20%-ը, և միլիոնավոր ադրբեջանցիներ իրենց նախնիների հողերից վտարվել էին, մենք կարողացանք կառուցել հզոր երկիր, ինքնաբավ տնտեսություն և անկախ քաղաքականություն։ Չորս տարի առաջ մենք մենք տոնեցինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պատմական հաղթանակը։ Մեկ տարի առաջ մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի։ Մենք ինքներս իրականացրեցինք այս բանաձեւերը, վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարությունը և վերջ դրեցինք հայկական օկուպացիային»։
COP29 համաժողովի ընթացքում Ալիևը ֆորումի հյուրերի հետ քննարկել է ոչ միայն կլիմայական խնդիրները, այլ նաև երկկողմ հարաբերությունները։ Ալիևը Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ հանդիպմանը գոհունակությամբ նշել է Ղարաբաղում շինարարական նախագծերին Սլովակիայի ընկերությունների մասնակցության մասին։
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Քրուի հետ հանդիպմանն Ալիևն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, նշելով՝ լուրջ առաջընթաց է ձեռք բերվել, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում։ սահմանների։
«Հայաստանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, և դա շարունակում են խոչընդոտ հանդիսանալ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այդ Սահմանադրությունը պետք է փոխվի», -ասել է Ալիևը։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29-ին, սակայն կմասնակցի, թե՝ ոչ, դա Հայաստանի որոշումն է։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ Երևանի մերժումը COP29-ին մասնակցելուց բաց թողնված հնարավորություն է։ Չնայած COP29-ում Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ են գրանցվել, նրանք չեն ժամանել։ Բայրամովը անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքներին, հայտարարել է՝ պայմանագրի՝ մինչեւ տարեվերջ ստորագրումը կախված է Հայաստանից։ Նա հիշեցրել է՝պայմանագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է, սակայն դեռ կան կետեր, որոնք համաձայնեցված չեն։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտնել է, որ Բաքուն և Երևանը կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը դեկտեմբերին։ Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում կոնկրետ հարցեր կան․« «Ուստի փորձագիտական մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, քանի որ հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Իհարկե, դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու»։
Հիշեցնենք, որ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին Հայաստանի մասնակցության հարցը կախված է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների դինամիկայից։ Բացի այս, Կոստանյանը նաև հավաստիացրել է, որ ՀՀ Սահմանադրության հարցը չի հանդիսանում «Խաղաղության պայմանագրի» մաս։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում կօգնի մեզ մեծացնել առևտրի ծավալը Ադրբեջանի և այլ երկրների հետ․«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա ոչ միայն էներգետիկ, այլև երկաուղային և ավոտոմոբիլային ենթակառուցվածքները կմոտեցնեն երկու երկրներին։ Միևնույն ժամանակ, այս միջանցքի բացումը կարող է մեզ մեծ ներդրում ապահովել էներգետիկայի, հատկապես էլեկտրաէներգիայի ոլորտում, քանի որ մենք կկարողանանք Կասպից ծովի քամու հսկայական ներուժով արտադրված էլեկտրաէներգիան տեղափոխել Թուրքիա, Թուրքիայից՝ Եվրոպա»։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ, որ Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդուղիները կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում։
Ադրբեջանում և Թուրքիայում «Զանգեզուրի միջանցքի» մասին շարունակական խոսակցությունները վկայում են հայկական տարածքի մի մասը օկուպացնելու ծրագրերի մասին։
COP29-ի գագաթնաժողովի բացման արարողությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ մոտ 200 երկրի միաձայն որոշմամբ Ադրբեջանն պատիվ է ստացել հյուրընկալելու COP29 գագաթնաժողովը. Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես հարգանքի նշան մեր երկրի նկատմամբ, ինչպես նաև մեր երկրի ակտիվ դերակատարման ընդունում միջազգային ասպարեզում»:
Զաբելա Ավագյան