Բացառվում է, որ բուժաշխատողներին ընտրություններին ուղղորդելու հրահանգ լինի, դրա կարիք չկա․Անահիտ Ավանեսյան | Region

Բացառվում է, որ բուժաշխատողներին ընտրություններին ուղղորդելու հրահանգ լինի, դրա կարիք չկա․Անահիտ Ավանեսյան

Մարտ 13,2025 17:17

«Թեթևանալու է այն հիմնական բեռը, որն այսօր կրում է մեր ժողովուրդը, և ֆինանսապես բարդ իրավիճակի առաջ է կանգնում, երբ կարիք ունի վիրահատության, կամ դեղորայքի»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով առողջության համպարփակ ապահովագրության նախագծին։

Նա ասաց, որ այս փաթեթն ամբողջությամբ  բավարարելու է քաղաքացիների բազային կարիքները՝ չնայած այն հանգամանքին, որ կլինեն ծառայություններ, որոնք դուրս կմնան այս փաթեթից:

Աշխատանքները ընթանում են, քննարկումները Ազգային ժողովում շարունակվում են, նախարարի վստահեցմամբ՝ որոշումը շուտով կմտնի Կառավարության նիստ:

Անդրադարձ եղավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարարի  և ՔՊ-ական պատգամավորներ հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գյումրի կատարած այցին: Գյումրու քաղաքապետի մի քանի թեկնածուներ կասկածներ էին հայտնել, որ բուժհաստատությունների ներկայացուցիչներին նախարարն ու ՔՊ-ն ուղղորդում է, որպեսզի նրանք իրենց քվեն տան Սարիկ Մինասյանին։ Ի պատասխան այս դիտարկմանը, նախարարն ասաց․«Գյումրի գնացել եմ կիրակի՝ ոչ աշխատանքային օրվա ընթացքում, և մասնակցել եմ դրամահավաքին: Նախարարը և Կառավարությունը քաղաքական մարմին են, և չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա է»։

Թե ինչո՞ւ գյումրեցիները պետք է ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկեն, նախարարն ասաց․«Ես կարծում եմ, որ ՔՊ-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պետք է ներկայացնի մեր քվեարկողներին: Վստահ եմ, որ այս կարևոր գործը ներկայացնելով և նաև ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը կտա ՔՊ-ին և Սարիկին»։

Տիկին Ավանեսյանը հայտարարեց նաև, որ տարվա ընթացքում հանպատրաստից այցեր կիրականացվեն կոնկրետ մարզային կենտրոններ, հասկանալու համար, թե աշխատանքային օրվա ընթացքում ի՞նչպես է կազմակերպվում գործընթացը, և ի՞նչ խնդիրներ կան, որոնք դուրս են մնում իրենց տեսադաշտից պաշտոնական այցերի ընթացքում: Չնայած ամենին, նրա կարծիքով վերջին տարիներին  ՀՀ մարզային ԲԺշկական Կենտրոնները լուրջ զարգացում են ապրել, և այս գործընթացը զարգացման բարձր միտումներ ունի:

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ