Արմեն Վարդանյան. Իրանի հետ համատեղ զորավարժություններն միտված են ամրապնդելու ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև վստահությունը, զսպելու 3-րդ կողմերի ագրեսիվ գործողությունները | Region

Արմեն Վարդանյան. Իրանի հետ համատեղ զորավարժություններն միտված են ամրապնդելու ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև վստահությունը, զսպելու 3-րդ կողմերի ագրեսիվ գործողությունները

Ապրիլ 12,2025 21:25

Քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ Իրանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբեք թույլ չի տա խախտել այս սահմանը կամ որևէ ներխուժում ՀՀ Սյունիքի մարզ։ Համատեղ զորավարժությունները միայն ռազմական միջոցառում չեն, այս զորավարժությունները նաև ուղերձ են պարունակում իրավիճակը ապակայունացնել ցանկացողներին։

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10-ն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՊՆ-ն մանրամասնել էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։

Իրանական Mehr լրատվական գործակալությունը նշում է, որ համատեղ զորավարժությունները սահմանամերձ Նորդուզ շրջանում տեղի են ունեցել տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում և դիտվում են որպես հստակ ազդակ այն բանի, որ Իրանը հաստատակամ է մնում խաղաղության և համագործակցության իր հանձնառության մեջ՝ պահպանելով ազգային անվտանգությունն ու ռազմավարական խորությունը: Նշվում է, որ Հայաստանի հետ Իրանի համագործակցությունը համահունչ է տարածաշրջանային դիվանագիտության և պաշտպանական պատրաստվածության Թեհրանի ավելի լայն քաղաքականությանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների արդյունքների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հրապարակել։

Քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը REGIONSTV-ի հետ զրույցում դրական է գնահատում Հայաստանի և Իրանի միջև զորավարժությունները, որը կրում է «Խաղաղության զորավարժություններ» անունը։ Նրա խոսքով՝ վաղուց ժամանակն էր նման զորավարժություններ անցկացնելու։

«Որքան գիտեմ, Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր Հայաստանում Իրան-Հայաստան-Ռուսաստան համատեղ զորավարժություններ անցկացնել: Իրանական կողմը համաձայնեց, բայց ռուսական կողմը մերժեց, իսկ Հայաստանը չկարողացավ վարժանքներ անցկացնել Իրանի հետ: Կարծում եմ, որ այս զորավարժությունները խորացնում են ռազմական համագործակցությունը Հայաստանի և Իրանի միջև, քանի որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նախկինում զարգացել են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, սակայն ռազմական համագործակցություն, որպես այդպիսին, չի եղել։ Սա դրական քայլ է, որը կարելի է համարել առաջին կարևոր քայլը, որպեսզի Հայաստանն ու Իրանը կարողանան զարգացնել ռազմական համագործակցությունը»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը հույս հայտնեց, որ «Խաղաղության զորավարժությունները» Հայաստանի և Իրանի միջև կանոնավոր համատեղ ռազմական միջոցառումների  սկիզբը կդառնան։

Նա զորավարժությունները դիտարկում է որպես հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի պատասխան, որտեղ վերջին օրերին կրկին ավելացել են ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները։ Իրանը աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ ընդդիմանալով Հայաստանի Սյունիքի մարզով այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցք բացելու Բաքվի ծրագրերին։ Այս նախագիծը սպառնում է փակել Իրանի և Հայաստանի միջև միակ ցամաքային սահմանը, ինչն անընդունելի է Թեհրանի համար և սրա մասին բազմիցս հայտարարել են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր, քաղաքական և ռազմական ղեկավարները։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանի և Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել իրենց տարածքներում այն ​​սահմանային գոտու երկայնքով, որտեղ տեղակայված էին ռուս սահմանապահները մինչև անցյալ տարվա վերջ։ Կարևոր է նշել, որ հատուկ կարևորություն ունի զորավարժությունների անցկացումը սահմանային գոտում, որը նախկինում հսկվում էր ռուս սահմանապահների կողմից։ Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ահաբեկիչները գրոհում են հայ-իրանական սահմանի սահմանային կետերը, իսկ կողմերը համատեղ գործողություններով վնասազերծում են ահաբեկիչներին։

Բնութագրելով Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները՝ Արմեն Վարդանյանը կարևորեց  դրանց հիմնական նպատակները։

Նրա խոսքով՝ սա առաջին հերթին սահմանային անվտանգության ամրապնդումն է և ահաբեկչության դեմ պայքարը, Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելը, քաղաքական ազդակ՝ տարածաշրջանային և արտաքին խաղացողներին՝ հիբրիդային սպառնալիքների պայմաններում տարածաշրջանային հավասարակշռության պահպանումը և փորձի տեխնիկական փոխանակումը։

Իրանն, ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ ձգտում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության, սակայն նրա կարմիր գիծը՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունն ու Սյունիքի անվտանգությունը, մնում է անփոփոխ։ «Համատեղ զորավարժությունները ընդգծում են Հայաստանի և Իրանի մերձեցումը տարածաշրջանային աճող անկայունության պայմաններում, համատեղ զորավարժությունների նպատակն է ամրապնդել վստահությունը Հայաստանի և Իրանի միջև, զսպել երրորդ կողմերի ագրեսիվ գործողությունները և համերաշխություն դրսևորել տարածքային ամբողջականության հարցում»,- ասաց իրանագետը։

Վարդանյանն ընդգծեց՝ զորավարժությունները հստակ ազդանշան են, որ Հայաստանն ու Իրանը, չնայած արտաքին ճնշումներին ու սադրանքներին, պատրաստ են համագործակցել անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Նա նշեց, որ անցկացվող զորավարժությունները ոչ միայն ուժի ցուցադրություն են, այլ հստակ ազդանշան Ադրբեջանին, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր տարածքն ու ինքնիշխանությունը։

«Իրանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբեք թույլ չի տա խախտել այս սահմանը կամ որևէ ներխուժում ՀՀ Սյունիքի մարզ։ Զորավարժությունները ոչ միայն ռազմական իրադարձություն են, այլ նաև ուղերձ են Ադրբեջանին, որպեսզի նա չհամարձակվի հարձակվել Հայաստանի վրա և բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Կարծում եմ՝ այս զորավարժություններն ուղերձ են նաև նրանց, ովքեր ուզում են իրավիճակն ապակայունացնել»,-ասաց Արմեն  Վարդանյանը։

Բացի այդ, Վարդանյանը նշեց բազմաթիվ գործոնների առկայությունը, որոնք Ադրբեջանին և Թուրքիային զսպում են։

«Այո, Իրանը դեր ունի, բայց չպետք է թերագնահատել նաև Արևմուտքի դերը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, նա թանկ կվճարի, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է նաև Արևմուտքի համար, և արևմտյան քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա դրա համար թանկ գին կվճարի: Ադրբեջանը կարող է սահմանային բախումներ հրահրել, բայց ես չեմ կանխատեսում լայնածավալ հարձակումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»,-ասաց քաղաքագետը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը զորավարժություններ է անցկացնելու նաև ԱՄՆ-ի հետ։ Անցյալ տարի արդեն անցկացվել են հայ-ամերիկյան զորավարժություններ, իսկ հաջորդ համատեղ զորավարժությունները նախատեսված են օգոստոսին։ Այս քայլերը, ըստ Արմեն Վարդանյանի, վկայում են Հայաստանի՝ անվտանգության կապերը դիվերսիֆիկացնելու և գործընկերների շրջանակն ընդլայնելու ցանկության մասին։ Տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում նման բազմավեկտոր քաղաքականությունը միանգամայն տրամաբանական և արդարացված է։

Զաբելա Ավագյան

Նորություններ