ՏԿԵՆ-ն անդրադարձել է Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների բողոքին

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:
«Մասնավորապես.
1. Փոխադրավարձի նվազեցում՝
Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն)
Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։
Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Պռոշյանի ու Քասախի բնակիչները բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով լուծում տալ տրանսպորտի խնդրին: Այս երկու բնակավայրերի սպասարկումը մրցույթով ստանձնել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը: Բնակիչները բողոքում են՝ ուղեվարձը 150-ի փոխարեն դարձել է 200-250 դրամ: Նաև պահանջում են, որ գյուղերը սպասարկող երթուղիները շարունակեն աշխատել: Նրանց հետ հանդիպման են գնացել պաշտոնյաները