Պռոշյանի և Քասախի բնակիչները ճանապարհը բացեցին, սակայն նրանց չի գոհացնում տրանսպորտի բարեփոխման ՏԿԵ առաջարկը

Այսօր վաղ առավոտից Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կրկին բողոքի ցույց էին անուն, նրանց չեն գոհացնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկները։
Հիշեցնենք, որ բնակիչները ապրիլի 5-ից պարբերաբար ցույցեր են անում, պահանջում են 25 և 59 համարների ավտոբուսները երթուղիրները թողնել նույնը, մինչդե կառավարությունը որոշել է կրճատել դրանք, ինչը հավելյալ անհանսգտություն ու ծախս է առաջացնելու բնակիչների համար։
Ցույցի մասնակիցները փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը:
«Եթե 25 համարը ու 59 համարը մնալու են և նույն ձևի գյուղ են մտնելու, խնդիր չա, մենք կսպասենք, բայց եթե որոշումը փոխվի, մենք ցույցը շարունակելու ենք»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։
Բնակիչների պնդմամբ՝ հանդիպումների ընթացքում իրենց կողմից բարձրացված խնդիրները այս կերպ որևէ լուծում չեն ստանում։
«Իրենք ասում են նոր տրանսպորտի երթուղին կարճացնենք, գումարը իջեցնենք։ Դա խելամիտ առաջա՞րկ է, դրա ի՞նչը ընդունենք։ Տեղաշարժի խնդիրներ ունեցողներ կան, համայնքի վրա ֆինանսական լուրջ «բեռնում» է լինում։ Ախր մեր պահանջը չնչին է, չեմ հասկանում ի՞նչու է իշխանությունների դիրքորոշումը էսքան կոշտ։ Ես այս ամենը կապում եմ միայն մի բանի հետ․ ինչ-որ մարդկանց պետք է բողոքի ալիքներ ստեղծել, որը կգործի իշխանությունների դեմ»,-նշեց ցույցի կազմակերպիչներից մեկը։
Քասախ համայնքի վարչական ղեկավարը ևս եկավ ու հանդիպեց ցույցի մասնակիցների հետ։ Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով իրավիճակը, ն վերահաստատեց բնակիչների պահանջը, նշելով, որ նրանց ցանկությունը այն է, որ Երևան քաղաքը սպասարկող 59 համարի տրանսպորտը սպասարկի նաև Քասախ համայնքը։ Անդրադառնալով պաշտոնյաների, մասնավորապես տարածքային կառավարման փոխնախարարի, մարզպետի և սպասարկող անձնակազմի ղեկավարի հետ ունեցած հանդիպումներին ասաց․«Իրենց առաջարկը հետևյալն էր՝ սպասարկող կազմակերպությունը պետք է հիսուն դրամով իջեցներ սակագինը։ Երաշխավորվել է, որ տրանսպորտային որակը և ժամային գրաֆիկը հարմարավետ է լինելու բնակիչների համար։ Ակնկալում եմ, որ հարցը կլուծվի փոխզիջումների ճանապարհով։ Իմ կողմից որպես ժամանակավոր լուծում, առաջարկում եմ, որ երկու ուղեգծերն էլ աշխատեն։ Քննարկման ժամանակ ևս առաջարկել եմ, այդ ժամանակ չի ընդունվել»։
Ցույցը մի պահի թեժացավ, ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը՝ նշելով, որ ավտոբուսում տարեց կին կա, պետք է տուն հասնի․ « Հայրենասիրությունից եք խոսում, մարդասիրությունից եք խոսում, մեքենայի մեջ 80 տարեկան մարդիկ են նստած, ճանապարհը բացեք, թող մարդը գնա»,-ցուցարարներին դիմեց ոստիկանության ներկայացուցիչը:
Ցույցի ընթացքում մի պահ խառնաշփոթ առաջացավ, պարզվեց, որ ցուցարարների շարքերում խմած մարդ կա, երբ ոստիկանները փորձում էին նրան հեռացնել, ցուցարարները թույլ չտվեցին, նշեցին, որ նա ինքնուրույն կհեռանա։
Կարճ ժամանակ հետո ցուցարարները բացեցին ճանապարհը, ավտոբուսն անցավ, իսկ որոշ ժամանակ հետո էլ ցույցն ավարտվեց:
Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր հայտարարել է․«․․․ նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:
Մասնավորապես.
Փոխադրավարձի նվազեցում՝
Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն)
Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։ Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»։
Նիկոլ Մարգարյան
Նորություններ


